ԿարևորՔաղաքական

Կառավարությունն ընդդեմ ՎՊ- ի. չարաշահումները համակարգային բնույթ չունեն (լրացված)

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

 

Չենք կարող համաձայնել այն կարծիքների հետ, թե բյուջետային հիմնական գործընթացները իրականանում են մասշտաբային կոռուպցիոն դրսևորումներով։

Ա. Գեւորգյան. փոխվարչապետ

Խորհրդարանն այսօր արտահերթ նստաշրջանի աշխատանքներն սկսել է՝ շարունակելով   վերջին նստաշրջանում կիսատ մնացած Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկումով։ Փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորություն ունեցել է կառավարությունը:  ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ասել է , որ գործադիրը  մեծ նշանակություն է տալիս ՎՊ-ի հաշվետվությանը , այն ուսումնասիրել  է կետ առ կետ, այդուհանդերձ՝ համաձայն չէ որակումներին, թե խախտումներն ու չարաշահումները  բյուջետային գործընթացում համակարգային բնույթ ունեն :
«Չենք կարող համաձայնել այն կարծիքների և գնահատականների հետ, թե բյուջեի կատարման ընթացքում տեղի է ունենում միջոցների լայնածավալ փոշիացում և բյուջետային հիմնական գործընթացները իրականանում են մասշտաբային կոռուպցիոն դրսևորումներով»:
Ըստ Գևորգյանի ՝ Վերահսկիչ պալատի 2012թ.-ի տարեկան հաշվետվության մեջ նշված խնդիրները միայն 2012թ-ին չեն արձանագրվել, դրանք արմատացել  են տասնամյակների ընթացքում: Նրա խոսքով՝ արձանագրված բոլոր խնդիրների մասով կառավարությունը միջոցներ ձեռնարկել է, նշված որևէ խնդիր անհետևանք չի մնացել:  

Վերահսկիչ պալատի մեր հարգարժան ընկերները ներկայացնում են տվյալներ, որոնք ոչ միայն հերքվում են դատաիրավական ԾԻԳ-ի կողմից, այլ նաև ասվում է, որ դրանք ակնհայտ կեղծ տեղեկություններ են: Չե՞ք կարծում, որ այս երևույթին էլ պետք է գնահատական տանք։

Ա. Դավթյան. ԱԺ պատգամավոր

Պատճառները, թե ինչու արձանագրված չարաշահումները քրեական շարունակություն չեն ստանում, կառավարության ներկայացուցիչը  տեսնում  է գործող օրենսդրության մեջ, համաձայն  որի՝ խախտումների  համար հիմնականում տնտեսական կամ քաղաքացիաիրավական պատասխանատվություն է ենթադրվում՝ գումարների վերականգնում, թերությունների շտկում, տուգանքներ։
Կառավարությունը նաև կարծում է, որ Վերահսկիչ պալատն էլ  իր հերթին լիարժեք չի կիրառել  օրենսդրությամբ իրեն տրված լիազորությունը:

«Համոզված ենք, որ իր լիարժեք կիրառումը չի ստացել նաեւ Վերահսկիչ պալատի մասին օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետը, որը ենթադրում է, որ  «Վերահսկիչ պալատը  վերահսկողության ընթացքում կազմված արձանագրություններն ու ընթացիկ հաշվետվություններն  ուղարկում է ՀՀ գլխավոր դատախազություն, եթե դրանում առկա են կասկածներ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ»:

Հիշեցնեմ, որ  2012-ի ստուգումների արդյունքնում ՎՊ-ն գործերից միայն մեկով է նյութերն ուղարկել դատախազություն. «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից թույլ տրված   խախտումների վերաբերյալ նյութերն  ուղարկվել են իրավապահներին,  դրանց հիման վրա արդեն  հարուցել է քրեական գործ:
ՎՊ բացահայտումներից հետո  ծրագրի ներկայացուցիչները  հանդես եկան պարզաբանումներով, նշելով, որ  ներկայացվածի հետ, մեղմ ասած,  համամիտ չեն : Ավելի ուշ ՎՊ մեղադրանքներին անդրադարձավ  նաև ծրագրի դոնոր կազմակերպությունը ՝ Համաշխարհային բանկը, իր հերթին  դիվանագիտորեն հերքելով չարաշահումների փաստը:

Այս իրարամերժությունը   հարցեր էր առաջացրել նաև հանրապետական պատգամավորի  Արտակ Դավթյանի մոտ: Նա  ուզում էր հասականալ՝ ինչպես կողմնորոշվել, թե ով է ճիշտ։
«Ստացվում է, որ Վերահսկիչ պալատի մեր հարգարժան ընկերները ներկայացնում են տվյալներ, որոնք ոչ միայն հերքվում են դատաիրավական ԾԻԳ-ի կողմից, այլ նաև ասվում է, որ դրանք ակնհայտ կեղծ տեղեկություններ են: Չե՞ք կարծում, որ այս երևույթին էլ պետք է գնահատական տանք, ինչու չէ, նաև իրավական գնահատական»:

Թույլ տվեք կոռեկտության սահմանները չխախտել  և չվիրավորել ՎՊ մեր գործընկերներին, Արտակ Դավթյանի հարցին այսպես արձագանքեց Արմեն Գևորգյանը:  Ըստ նրա՝ իրավիճակը լավատեսի ու հոռետեսի հայտնի պատմությունն է հիշեցնում:
«Կիսով չափ լցված բաժակը դիտարկենք կիսադատա՞րկ, թե՞ կիսով չափ լցված: Նույնն էլ այստեղ է»:

Շինարարական ծրագրերի ընթացքում արձանագրված խնդիրները համատարած բնույթ չունեն։

Ս. Թադեւոսյան. քաղաքաշինության նախարար

Ինչ վերաբերում է ՀԲ անհամաձայնությանը, ապա փոխվարչապետը այլ արձագանք չէր էլ սպասում, «որովհետև ՀԲ-ի մոնիտորինգային տարբեր թիմեր վերջին տարիներին եկել են, գնահատել են իրավիճակը և հավատացած եղեք, որ եթե այնտեղ լինեին լուրջ խնդիրներ ու չարաշահումներ, ՀԲ-ն վաղուց ՀՀ կառավարությանը դրանց մասին ահազանգած կլիներ»:
Կոռուպցիոն  տեսանկյունից ՎՊ-ն հատկապես ռիսկային  էր  համարել  շինարարության ու գնումների ոլորտները: Այսօր խորհրդարանում հաշվետվության մասին դիրքրոշում ներկայացրեց նաև քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը:  «Շինարարական ծրագրերի ընթացքում արձանագրված խնդիրները համատարած բնույթ չունեն, դրանք կոնկրետ խնդիրներ են»,- ասաց նախարարը՝ նշելով, որ շինարարության ոլորտի խնդիրնշերըը ոչ թե մակերեսային , այլ հիմնավոր լուծումներ են պահանջում:

Թադևոսյանը  նշեց, որ անվերջ խոսվում է ատկատների մասին, որպես գոյություն ունեցող հիմախնդիրների հիմք, այնինչ սա ընդամենը մակերեսն է։

«Պետք է փաստեմ, որ հաշվետվությունում խորքային վերլուծություններ և եզրահանգումներ չկան շինարարության ոլորտում առկա խախտումները ծնող հանգամանքների մասին»:

Ցուցադրել ավելի
Back to top button