ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում. քննարկում` ՄԱԱ-ում

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Ինչու են մարդիկ արտագաղթում, ուր եւ ինչն է խանգարում սեփական երկրում սեփական տեղը գտնելու: Մամուլի ազգային ակումբում այսօր մի շարք բանախոսներ ներկայացրել են իրենց տեսակետերն այս հարցի շուրջ` որպես հիմնական խնդիր առանձնացնելով բարոյալքությունը եւ որպես մեղավորների մատնանշելվ կառավարությանը: Պետական մարմինների ներկայացուցիչների կողմից, սակայն, հնչած տեղեկություններին հակափաստարկներ չեն եղել, քանի որ կառավարությունից հրավիրյալնեըը չեն ներկայացել քննարկմանը:

Հայաստանից արտագաղթը դադարեցնելը կարող է միայն ցանկություն լինել, քանի որ դա առաջին հերթին հույսի կորստի հետեւանքն է: Մարդը հուսալքվում է, երբ, օրինակ, քաղաքական գործընթացների ժամանակ հասկանում է, որ չի կարողանում փոխել իրավիճակը: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը սա բարոյահոգեբանական խնդիր է համարում, որից ելքը մարդիկ տեսնում են երկիրը լքելու մեջ: Խնդրի լուծումն Արամ Կարապետյանը համարում էսոցիալ- տնտեսական զարգացման մոդելի վերանայումը: Որ խնդիրը վարվող քաղաքականության մեջ է, համամիտ է նաեւ քննարկման մյուս բանախոսը՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նա, սակայն, խնդրի արմատներն ավելի խորն է համարում` վստահ լինելով, որ կա Հայաստանի բնակչության կրճատման հստակ ձևավորված քաղաքականություն, և որ այն եկել է 90-ականներից: Առկա բոլոր խնդիրները` աշխատանքի, հեռանկարի բացակայություն և այլն, Լարիսա Ալավերդյանը դիտարկում է որպես հստակ քաղաքականության հետևանք եւ պնդում` տարվող տնտեսական քաղաքականությունը մնացած ժողովրդին կարող է միայն բավարարել:

Այս մտահոգությունների կողքին «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» ղեկավար Գևորգ Պողոսյանը միգրացիան համարում է նորմալ երևույթ ու սեփական տեսակետը բացատրում այսպես` այն, ինչ կատարվում է Հայաստանում, միգրացիա չէ, այլ բնաթափման երևույթ, դեպոպուլյացիա: Սոցիոլոգը Հայաստանից արտագաղթի մասին իր դատողություններում հիմնվում է իրենց սեփական հետազոտությունների արդյունքների վրա: Ըստ այդմ` 2013-ին արտագաղթողների թիվը տասը հազարով ավելացել է: Ինչու են արտագաղթում: Հարցին մարդիկ տվել են 4 հիմնական պատասխան` աշխատանք չկա, հեռանկար չկա, չկա արդարություն չկա եւ ապրուստի միջոցներ: Միայն Երևանում անցկացված հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ 46 տոկոս հարցվածները պոտենցիալ միգրանտներ են, ընդ որում` 18-29 տարեկանների ընդհուպ մինչեւ 52 տոկոսը: Արդյոք հեռացողները հայրենասեր չեն. փորձել են պարզել սոցիոլոգները եւ ստացել այսպիսի պատասխան` իրենց իսկական հայրենասեր համարող երևանցիների  41,3%-ը այնուամենայնիվ, մտադրություն ունի Հայաստանից հեռանալու:

Մամուլի ազգային ակումբում կազմակերպված լայնամասշտաբ քննարկման մասնակից «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ փոխանցեց իր համոզմունքը` մարդիկ արդարության պակասից ավելի շատ են նեղվում, քան աշխատանքի: Ավելին, նա նկատել է, որ բարեկեցության մակարդակի հասած մարդիկ են մեկնողներից շատերը, որոնք հեռանկար չեն տեսնում ապրելու Հայաստանում: Որ ատրագաղթ կա, իշխանությունն էլ չի ժխտում, սակայն համարժեք էլ քայլեր չեն ձեռնարկվում: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց` ինքը շատ լավ գիտե՝ որն է գաղթողի, որն է խոպանչու դեմքը. «իմ հայրը տասը տարի արտագնա աշխատել է»,-ասաց ու շեշտեց` պատճառը սոցիալական չէր, քաղաքական էր: Մարդիկ գնում են, քանի որ նույնիսկ գյուղապետի մակարդակով չեն կարողանում իշխանություն փոխել: Ի դեպ` քննարկմանը հրաժարվել էին մասնակցել կառավարության ներկայացուցիչները:

Ցուցադրել ավելի
Back to top button