ԿարևորՀասարակություն

Քաղաքապետարանում աշխատավարձերը ուռճացված են, ավագանիում հայտարարում է «Բարեւ Երեւանը»

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Երևանի նորընտիր ավագանին այսօր ըստ էության առաջին աշխատանքային նիստն է գումարել: Այն բավականին բուռն ընթացք է ստացել: Երեք խմբակցություններից ամենակտիվը «Բարև Երևան»  դաշինքի վեց անդամներն են եղել: «Բարև Երևանը» որևէ հարցի կողմ չքվեարկեց, նրանք դեմ էին բոլոր հարցերին: Հենց առաջին վեց հարցերն էին,  որոնց քննարկումը շուրջ երկու ժամ տևեց: «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի  քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների դրույքաչափերին վերաբերող նախագծին   «Բարև Երևան»-ի ներկայացուցիչները բուռն արձագանքեցին: Չնայած խմբակցությունն առաջարկեց 20 օր հետաձգել նախագծի քննարկումը, մանրամասն ուսումնասիրել հետո միայն հաստատել, միևնույնն է՝ քվորում ապահովվեց ու նախագծերը  հաստատվեցին: Խմբակցությունում համակարծիք են՝ Երևանի  քաղաքապետարանում  ու վարչական շրջաններում հաստիքները ուռճացված են: Խմբակցության   ղեկավար Անահիտ Բախշյանը դեմ չէ, որ բարձր աշխատավարձ ստանան, նրան անհանգստացնում է այն հարցը, թե գումարները որքանո՞վ են արդյունավետ ծախսվում: «Երևանի քաղաքապետն ունի չորս տեղակալ, ութ խորհրդական, հինգ օգնական, երկու գործավար: 19 հոգի ամսեաան հինգ միլիոն ութ հարյուր տասնինը հազար դրամ աշխատավարձով սպասարկում են քաղաքապետին»: Տարոն Մարգարյանը նկատեց, որ իր խորհրդականներն ու բոլորը ծառայում են Երևանին ու երևանցիներին: «Շատ ուրախ կլինեի, եթե այդպես լիներ»,- պատասխանել է Անահիտ Բախշյանը: Նրան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդմիջեց: Կրկին «Բարև Երևան»  դաշիքից Արմեն Մարտիրոսյանը  կարծում է, որ «Երևանի մասին»  օրենքը պետք է փոփոխության ենթրակվի: Մարտիրոսյանը հիշեցրեց՝ եթե քաղաքապետն այժմ 500 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ապա դա իր առաջարկն է եղել, 250 հազար դրամի փոխարեն, դարձնել 500 հազար դրամ։ «Վարչության պետերի համար նշանակված են աշխատավարձեր, որոնք գերազանցում են ԱԺ պատգամավորի աշխատավարձերը: Նորմա՞լ եք համարում: Եթե, իհարկե, այն գումարները, որոնք ֆիքսված են հաստիքացուցակում, անշուշտ բավարար չեն որևէ մեկին նորմալ, միջին գոյությունը պահպանելու համար: Բայց մենք ասումե ենք, ինչու՞  կրճատենք Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի աշխատավարձերը, երբ մեր երկրում նվազագույն աշխատավարձը 45 հազար է: Ո՞նց եք պատկերացնում այն քաղաքի  խնդիրները, որտեղ 45 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդիկ կան: Բա ինչպե՞ս կարող ենք չասել, որ աշխատավարձերը ուռճացված են, հաստիքացուցակները ուռճացված են»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը։ Ինչպես այս, այնպես էլ կանոնադրական փոփոխությունների վերաբերող նախագծին ԲՀԿ-ն ձեռնպահ քվեարկեց, «Բարև Երևան»  դաշինքը՝  դեմ, իսկ ՀՀԿ-ն կողմ: ՀՀԿ  խմբակցության անդամները միայն ելույթներ ունեցան ու դրվատանքով խոսեցին, երբ տարբեր նախագծերով Տարոն Մարգարյանն ներկայացրեց Երևանի առաջին քաղաքապետի թեկնածու Կամո Արեյանին, քաղաքապետի տեղակալների թեկնածուներ Վահե Նիկոյանին, Արամ Սուքիասյանին ու Դավիթ Օհանյանին: Վեց հարց  բուռն քննարկելուց հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հարցրեցինք, թե ինչ տպավորություն ստացավ առաջին նիստից, «Տպավորությունը նորմալ, աշխատանքային էր ավագանու նիստի ժամանակ, բուռն նիստ չէր, մեր գրեթե բոլոր նիստերն էլ նման են եղել: Նոր ավագանու անդամներ են ընտրվել՝ «Բարև Երևան»  դաշինքը, և իրենք ավելի շատ օրենքից են խոսում։ Պետք է ընդամենը ՏԻՄ օրենքը, «Երևանի մասին» օրենքը ընթերցեն, և Երևանի ավագանու որշումները նայեն: Ինչ կատարավում է ավագանու նիստին, օրինակական դաշտում է  կատարվում, իրավաբանական վարչության պետը հստակ պատասխանեց այդ բոլոր հարցերին: Ինձ թվում է՝ իրենք պետք է ավելի ուշադիր լինեն օրենքների նկատմամբ»։ Չնայած քննարկումները բուռն էին, սակայն Երևանի քաղաքապետը  վստահեցրեց, որ որևէ հարցից  չնյարդայնացավ։ «Ոչ մի հարց չի նյարդայնացրել,   որովհետև օրակարգն ամբողջությամբ ներկայացրել եմ ես։ Հարցերի մի մասը օրակարգի վերաբերյալ էին, բայց երբ փորձում էին օրակարգից դուրս հարցեր ուղղել, իմ կողմից, որպես նիստը վարողի, արգելում էի և այդպես շարունակելու եմ»։ Այսօրվա ամենակտիվ՝ «Բարև Երևան»  դաշինք խմբակցության  ղեկավար Անահիտ Բախշյանը հիշեց, որ երբ 2007թ.,  «Ժառանգությունը»  խորհրդարան մտավ, խորհրդարանականները զարմացած էին՝ ինչպես կարող է խորհրդարանի ամբիոնից քննադատություն հնչել, այստեղ կրկին նույն պատկերն է։ «Ոչինչ, կսովորեն, դա մեր տեսակն է, դա մեր քաղաքական քաղաքական դիրքոշորումն է, դա մեր քաղաքական սկզբունքն է: Մենք քաղաքականության մեջ ընդդիմություն ենք։ Լինի դա ԱԺ-ում, թե՝ ավագանիում, մեր վարքագիծը մեր քաղաքական սկզբունքներից է բխում, և մենք կանոնակարգի յուրաքանչյուր կետին հավատարիմ, բարձրաձայնում ենք այս ամենի մասին»։ Հավելենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները ընդմիջում հայտարարելուց ամիջապես հետո նիստերի դահլիճից հապշտապ հեռացան:

Back to top button