Պայքարը դեռ շարունակվում է, ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
«Ժառանգություն» կուսակցության այսօր հրավիրված հաշվետու հավաքը առիթ հանդիսացավ այս քաղաքական ուժի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար ամփոփել մինչ այժմ կատարված աշխատանքը և անդրադառնալ ընթացիկ ներքաղաքական զարգացումներին:
Մասնավորապես՝ Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձավ օրերս Գորիսում տեղի ունեցած սպանությանը և Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությանը:
Իր ելույթում «Ժառանգության» առաջնորդը մերժեց հետընտրական զարգացումների հետ կապված լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի իրեն ուղղված որոշ մեղադրանքներ` հավաստիացնելով, որ պայքարը դեռ շարունակվում է:
Վաղը Սյունիքով վերսկսվելու են Րաֆֆի Հովհաննիսյանի արդեն հերթական մարզային շրջայցերը։
Ամեն մի հանցագործություն չպետք է անպատիժ մնա, և այս առումով Գորիսի ողբերգական պատահարի մեղավորի դերում «Ժառանգության» առաջնորդը տեսնում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին։
Մտահոգված լինելով երկրի առկա տարատեսակ խնդիրներով՝ «Ժառանգության» նախագահը նշեց, որ դրանց ամբողջ պատասխանատվությունը կրում են իշխանությունները:
Անդրադառնալով Վերահսկիչ պալատի աղմկալի բացահայտումներին՝ Հովհաննիսյանը հայտարարեց, որ դրանց մասին վաղուց էր հայտնի և պաշտոնյաների զարմանքը այս առումով անընդունեկի է:
Անդրադառնալով հետընտրական ժամանակաշրջանում սկիզբ առած «Նոր Հայաստան» շարժման հետագա գործունեությանը՝ հանրապետության նախագահի նախկին թեկնածուն ևս մեկ անգամ հաստատեց, որ «Նոր Հայաստանը» միայն իր շարժումը չէ, այլ բոլորինը:
Ամենայն հավանականությամբ՝ այն նոր թափ կստանա սեպտեմբերին, երբ կկայանա շարժման մեծ համաժողովը։