ԿարևորՀասարակություն

Հինգ հազար դոլար՝ Պռոշյանի գյուղապետի սպանության գործով արժեքավոր տեղեկության համար

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում  համայնքապետի արտահերթ ընտրությունները կկայան հուլիսի 14- ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև:
Գյուղապետի աթոռը, հիշեցնենք,  թափուր է ապրիլի 2-ից հետո, երբ սպանվեց գյուղապետ Հրաչ Մուրադյանը։ Սպանությունն առայժմ  բացահայտված չէ, նախաքննությունը շարունակվում է: Դրա ընթացքին ծանոթանալու նպատակով  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար  Արմեն Ռուստամյանը եւ քարտուղար Աղվան Վարդանյանը օրերս հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

Հանդիպման նախաձեռնությունը եղել է ՀՅԴ պատգամավորներինը: Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո Պռոշյանում լարվածությունը, ըստ Արմեն Ռուստամյանի,  ոչ միայն չի մեղմվել, այլև ավելի է խորացել, հատկապես վանդալիզմի վերջին դրսևորումներից հետո: 

«Բնականաբար այս իրավիճակի լուծումը մենք տեսնում ենք հնարավորինս արագ բացահայտման մեջ : Ինչ-որ գործընթաց բացահայտման առումվ սկսել էր, բայց շատ ինֆորմացիա չկար: Այդ գյուղում բնակիչների մոտ տպավորություն կար, որ գործը ուզում են կոծկել»:

Գյուղի բնակիչների, նաև իրենց կասկածները փարատելու համար դաշնակացական պատգամավորները հանդիպել են ոստիկանապետի հետ՝ փորձելով տեղեկանալ, թե ինչ փուլում գյուղապետի սպանության բացահայտումը:

Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ նախաքննությունը շարունակվում է ողջ թափով, ամեն ինչ արվում է հանցագործության լիարժեք, ամբողջական բացահայտման համար:

«Բավականին գոհ ենք հանդիպումից: Բաց և անկաշկանդ խոսակցություն ունեցանք, մեր բարձրացրած հարցերին բավարար պատասխաններ տրվեցին այնքանով, որքանով թույլ է տալիս նախաքննության գաղտնիությունը»:

Ըստ պատգամավորի՝ մտահոգիչն այն հանգամանքն  է, որ շատերը խուսափում են վկայություն տալ, տեղեկություն հաղորդել իրավապահներին:

Դաշնակցական պատգամավորները հանդիպման ժամանակ նշել են, որ որ մարդիկ վկայություններ չեն տալիս, քանի որ մտահոգ են իրենց անվտանգությամբ։ Վլադիմիր Գասպարյանն անձամբ է երաշխավորել, որ նախաքննությանը նպաստող ցանկացած տեղեկության գաղտնիությունը, վկայություն տվողների անվտանգությունը կապահովվի։
«Անգամ մենք իմացանք, որ  ոստիկանությունը 5 հազար ԱՄՆ դոլար է խոստանում  Պռոշյանի գյուղապետի սպանության հետ կապված արժեքավոր տեղեկություններ հայտնելու համար: Այսինքն՝ ինչ-որ քայլեր իրենց կողմից ձեռնարկվում են: Լուրջ իրեղեն ապացույցներ կան ձեռք բերված, որոնք հիմք են տալիս ասելու, որ գործը փակվել չի կարող»:

Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել էր ապրիլի 2-ի առավոտյան գյուղապետարանի բակում։ Նա մահացել էր քունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Նրա սպանության գործով կալանավորվել է նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, ում մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ սպանության եւ ապօրինի զենք կրելու հատկանիշներով:

Օրերս Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարաձգեց Արտակ Պետրոսյանի կալանքի ժամկետը::

Պետրոսյանի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը ապօրինաբար է պահվում անազատության մեջ: Արայիկ Պետրոսյանն իր մեղքը չի ընդունում: Ավելին՝ պանված գյուղապետի հարազատներն իրենք էլ հակված չեն կարծելու, որ սպանություն կատարողը կալանքի մեջ գտնվողն է:

Ցուցադրել ավելի
Back to top button