Միջազգային

Իրանի նախագահն ընտրվել է առաջին փուլում

Բարեփոխական Հասան Ռոուհանին ընտրվել է  Իրանի նոր նախագահ հենց առաջին փուլում, հաղորդել է տեղական անգլիախոս Press TV- ն։ Նա վեց թեկնածուներից միակն էր, որ խոստանում էր բարելավել հարաբերությունները Արեւմուտքի հետ։ Ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Ռոուհանիի օգտին քվեարկել է 18,6 մլն մարդ, կամ ընտրողների 50,68 տոկոսը։

Ընտրություններին մասնակցությունը բավականին բարձր է եղել՝ 72 տոկոս։

Ռոուհանին ծնվել է 1948 թվականին, Կումում ստացել է հոգեւոր կրթություն։ Նա 1972 թվականին ավարտել է Թեհրանի համալսարանը իրավունքի բակալավրի աստիճանով, ապա Մեծ Բրիտանիայում՝ Գլազգոյում, Կալեդոնի համալսարանում ստացել իրավունքի մագիստրոսի, ապա դոկտորի կոչում։

60- ական թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել իսլամական հեղափոխության շարժման մեջ, եղել է այաթոլա Հոմեյնիի կողմնակիցը, Իրանի հատուկ ծառայությունների հալածանքներից խուսափելով Փարիզում միացեյ է Հոմեյնիին։

Իսլամական հեղափոխությունից հետո զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, իրականացրել վերափոխումներ զինված ուժերում։

Իրանա- իրաքյան պատերազմի ժամանակ եղել է պաշտպանության գերագույն խորհրդի անդամ, իրանա- իրաքյան ճակատում զինված ուժերի փոխհրամանատար, պատերազմից հետո Իրանի օդուժի հրամանատարը։

Նա նաեւ  եղել է  նախագահներ Ռաֆսանջանիի եւ Խաթամիի անվտանգության հարցերով խորհրդականը, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի առաջին քարտուղար, ապա ղեկավարել է իրանական պատվիրակությունը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։

Նա համարվում է կենտրոնամետ գործիչ, հմուտ դիվանագետ, որը փորձում էր փոխհամաձայնության հասնել Արեւմուտքի հետ։ Նրան աջակցում է երկրի գերագույն հոգեւորականությունը։

Back to top button