Հասարակություն

Երեւանից Բաթում երկաթուղային ճանապարհը կրճատվել է եւս կես ժամով

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Այսօր մեկնարկեց Երևան– Բաթում ամառային ուղևորափոխադրումների սեզոնը: Այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը, որը Երևանից դեպի Սև ծով կտանի 114 ուղևոր: Երևան- Բաթում ճանապարհորդության ժամանակը կազմում է 15 ժամ 45 րոպե:

Ֆիրմային գնացքն ամեն տարի  զբոսաշրջիկներ է տեղափոխում հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 1-ը:

Երկաթուղու  ուղևորափոխադրումների բաժնի տնօրեն Գագիկ Մովսիսյանի տեղեկություններով՝ տոմսերի սակագների մեջ փոփոխություններ չեն եղել:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Վալկոն նշեց, որ ընկերությունը շարունակում է հավատարիմ մնալ սպասարկման որակի բարելավման և գնացքներում հարմարավետության մակարդակի բարձրացման քաղաքականությանը:
«Այժմ ուղևորները կարող են տոմսերը գնել ոչ միայն Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Արմավիրի կայարանների տոմսարկղներից, այլ նաև օնլայն` «Հարավկովկասյան երկաթուղու» կայքում: Բացի այդ՝ տոմսարկղ է բացվել նաև Ստեփանակերտում: Տոմսի գնման ժամանակ հերթեր արդեն չեն գոյանում, քանի որ տոմսի ձևակերպման ժամանակը կրճատվել է 10-ից մինչև 2 րոպե»,- ասում է նա:

Տնօրենի պաշտոնակատարն ընդգծեց այս տարվա նորամուծություններից, մասնավորապես՝ ննջավագոններում անվճար Wi fi  կապի գործարկումն ու Վրաստանի տարածքում տեղի ոստիկանության կողմից գնացքի ուղեկցությունը:
Հայաստանում Վրաստանի  արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին կարևորեց օրը և շնորհավորեց ներկաներին սեզոնի բացման կապակցությամբ:

«Այս ուղևորագծի բացումը մենք բոլորս էլ շատ լավ ենք հասկանում, թե որքան կարևոր է: Սա միայն զբոսաշրջային և բիզնեսային ծրագիր չէ, սա շատ կարևոր է երկու երկրների ժողովուրդների շփման  և երկու ազգերի մշակույթների ճանաչման հարցում»,- նկատեց դեսպանը։

21-րդ դարում հատկապես հայաստանցիների համար ամառային հանգստավայր ծառայում  են  Աջարիայի ծովափնյա վայրերը: Ինչո՞ւ: Որովհետև այնտեղ համեմատաբար էժան է Հայաստանի առողջարաններից ու Սևանի լողափերից:
Եվ ահա հայի բախտին հատուկ` Վրաստանում կարմրուկի համաճարակ է, և դուրս տանող մեր ցամաքային բոլոր ճանապարհներն անցնում են հենց հարևան երկրով, իսկ կարմրուկով կարող են հիվանդանալ յուրաքանչյուր տարիքում:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի՝ Վրաստանում հայտարարված կարմրուկի համաճարակը Հայաստանի համար  վտանգավոր կլինի այն դեպքում, որ կարձանագրվեն բերովի դեպքեր։
Գայանե Սահակյանը հանգստացնում է. Հայաստանում համաճարակային վիճակը հանգիստ է: Վրաստանում տիրող իրավիճակը չի սպառնում Հայաստանին, քանի որ  2007 թվականին մեր երկրում մասսայական պատվաստումներ են կատարվել։

Այսօր այս գնացքով Վրաստան էր մեկնում նաև շախմատի մինչև 15 տարեկանների  հավաքականը, ով այնտեղ հունիսի 16-ից 26 –ը կմասնակցի Եվրոպայի  պատանիների գավաթի խաղարկությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button