Մշակույթ

Երեւանը ջազային քաղաք է, ասում է հայկական ռոքին անծանոթ Յուրի Շեւչուկը

Լիլիթ Մուրադյան

«Ռադիոլուր»

Ռուսաստանյան լեգենդար ДДТ ռոք խումբը վաղը՝ հունիսի 16-ին համերգով հանդես կգա Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում: Երաժիշտները Երեւան են ժամանել  «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության շրջանակում։

ДДТ-ն կներկայացնի «Սոլնիկ» երաժշտական ծրագիրը, որտեղ, ինչպես խմբի ղեկավար Յուրի Շեվչուկը նշեց, ներառված կլինեն տարբեր ժամանակների եւ ժանրերի  հին ու նոր կատարումներ:

««Սոլնիկը» կենդանի ծրագիր է, այն միշտ փոփոխվում է, ծրագրում շատ հաճախ նոր երգեր են ներառվում, որոնք դուրս են գալիս, երբ հոգնեցնում են, ընդգրկված են նաեւ հին երգեր: Վաղը կնվագի ողջ խումբը,  կհնչեն բոլոր այն երգերը, որոնք մեր մտքով կանցնեն: Կլինեն հեղինակային երգեր,  գուցե նաեւ կհնչի ջազ, չնայած ձեր առջեւ ջազ նվագելը մի քիչ պատասխանատու է, քանի որ ձեր երկիրն ունի լուրջ ջազային պատմություն եւ Երեւանը շատ ջազային քաղաք է»:
Քաղաքական հարցերը ճիշտ ասած ինձ հոգնեցնում են, հատկապես այն ինչ վերաբերվում է ՌԴ նախագահի եւ իմ զրույցին, ասաց երգիչը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք նրա ցանկությամբ էր, որ ասուլիսից առաջ լրագրողների խնդրեցին երգչին քաղաքական մասին հարցեր չտալ:
«
Հայաստան –Ռուսաստան – սեր եւ բարեկամություն. սա է մեր վարած հիմնական քաղաքականությունը՝ ժողովրդական դիվանագիտությունը, որով մենք զբաղվում ենք: Վերջերս եղել ենք Ուկրայինայում, Վրաստանում եւ շատ էինք ուզում գալ Հայաստան, որովհետեւ նախ այստեղ երբեք չէինք եղել, երկրորդ՝ մեզ շատ հետաքրքրիր է լինել 301 թվականին քրիստոնեություն ընդունած  նման հզոր մշակույթ ու սովորույթներ ունեցող երկրում: Մենք շատ շնորհակալ ենք, որ մեզ հրավիրել եք»։
Հայաստանը Շևչուկի համար խորը իմաստ ունի, քանի որ, երգչի խոսքով, Սպիտակի աղետալի երկրաշարժի գիշերը մահացել է իր սիրելի պապը։ Փաստը, ըստ նրա, խորհրդանշական է, բայցի այդ՝ Հայաստանի հետ շատ այլ ասոցիացիաներ կան, ասաց:
«Ես եղել եմ Իսրայելի հայ համայնքում, եկեղեցիներում, զրուցել ենք Հայոց ցեղասպանության մասին… Հայաստանն ինձ մոտ է»,- հավելեց նա: 

Երեկ երեկոյան Երեւան ժամանած ռոք խմբի անդամների եւ Յուրի Շեվչուկի համար շատ տպավորիչ է եղել լույսերով ողողված գիշերային Երեւանն իր գլխավոր՝ Հանրապետության հրապարակով, Շառլ Ազնավուրի երգով ողողված շատրվաններով: Շեվչուկը խոստովանեց, որ շատ է սիրում ֆրանսիական շանսոնն ու մեր Շառլ Ազնավուրին:

Ծանո՞թ է արդյոք հայկական երաժիշտներին, հարցրեցինք։ « Իհարկե, ծանոթ եմ Նորին Մեծություն դուդուկին։ Գիտեք, ում մասին եմ խոսում։ Երեկ երեկոյան «Մեցցոյում» ռիթմ-բլյուզ էինք լսում, շատ տպավորված ենք։ Հայկական ռոքին, սակայն, ծանոթ չենք»,- ասաց ու նշեց, որ  իրենց այցի նպատակներից մեկն էլ  հայկական ռոք լսելն ու դրան ծանոթանալն է:

Ցուցադրել ավելի
Back to top button