Սպորտ

Բանակ կգնան նաեւ աղջիկները

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 1-ին գլխի 4-րդ հոդվածի 3-րդ կետը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2013/2014 ուսումնական տարում հայտարարում է իգական սեռի ներկայացուցիչների ընդունելություն ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում։
Ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի հանդիսացող, 18 տարին լրացած, ֆիզիկապես կոփված, «մաթեմատիկա» եւ «ֆիզիկա» առարկաներից միասնական քննության վկայագիր ներկայացնող իգական սեռի ներկայացուցիչները, որոնց առողջական վիճակը բավարար կճանաչվի ռազմաուսումնական հաստատությունում սովորելու եւ հետագա զինվորական ծառայություն անցնելու համար։
Ընդունելությանը մասնակցելու համար դիմորդները մինչեւ հուլիսի 1-ը փաստաթղթերը պետք է ներկայացնեն բնակության վայրի զինվորական կոմիսարիատներ:
Խոսելով այս տարվանից ՀՀ ռազմաուսումնական հաստատություններում աղջիկներ ընդունելու որոշման մասին` արցախյան հերոսամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ բոլոր երկրներում փորձը ցույց է տալիս, որ աղջիկների ծառայությունը բանակում դրական նշանակություն է ունենում։ Ըստ նրա՝ դա ոչ միայն աղջիկների պատրաստվածությամբ և պատասխանատվությամբ է պայմանավորված, այլև տղաներն էլ աղջիկների ներկայությամբ իրենց ավելի զուսպ և հավասարակշռված են պահում:

Ի դեպ՝ Կոմանդոսը նշեց, որ աղջիկների մասնակցությունը ոչ միայն բանակի ընդհանուր մթնոլորտի վրա է դրական ազդում, այլև  աղջիկներն իրենց մարտունակությամբ եթե անգամ առավել չլինեն էլ, ապա ոչինչով չեն զիջում տղաներին: Նա նույնիսկ հիշեց, որ Արցախյան ազատամարտի ժամանակ մարտի դաշտում 25 կին ծառայող են կորցրել։
Ինչ վերաբերում է ռազմաուսումնական հաստատություններում աղջիկներ ընդունելու անհրաժեշտությանը, ապա Արկադի Տեր-Թադևոսյանը նեց, որ իհարկե քանակ ապահովելու խնդիր ևս կա, բայց դա չէ հիմնական պատճառը:
«Ռադիոլուրի» հարցին, թե որքանով է իրատեսական համարում աղջիկների ներգրավվածությունը բանակում, գեներալ –մայորը պատասխանեց, որ իհարկե աղջիկների մեջ էլ կան շատերը, ովքեր բանակին ծառայելու ցանկություն ունեն, բայց եթե հարցում կատարեն և մի բուհում նման ցանկություն հայտնեն օրինակ 25 աղջիկներ, ապա նրաց մի մասի ծնողներն անպայման դեմ կլինեն այդ որոշմանը և այդ թիվն էլ ավելի կպակասի:
Այսպիսով` Արկադի Տեր-Թադևոսյանը կարծում է, որ բանակում աղջիկների ներգրավվածությունը միայն իրենց ցանկությամբ չէ պայմանավորված, շատ կարևոր է նաև ծնողների նման ցանկությունն ու հասարակության համապատասխան մոտեցումը։

Ցուցադրել ավելի
Back to top button