Միջազգային

Օբաման հավանության է արժանացրել սիրիացի ապստամբներին զինելու առաջարկը

Միացյալ Նահանգները չի պատրաստվում ոչ թռիչքային գոտիներ ստեղծել Սիրիայի օդային տարածքում, սակայն ընդդիմադիր ուժերին կհատկացնի ռազմական օգնություն: Այս մասին լրագրողների հետ հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը:

Ռոդսի խոսքերով, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «որոշում է ընդունել ավելի մեծ օգնություն հատկացնել սիրիացի ապստամբներին»: Այդ օգնությունն հատկացվելու է այդ թվում Սիրիական ազատ բանակի, այսպես կոչված, Գերագույն զինվորական խորհրդին և այն «ներառում է ռազմական օգնություն»,-ասել է ամերիկացի պաշտոնյան:

Ռոդսը հրաժարվել է պարզաբանել, թե հատկապես ինչ տեսակի ռազմական օգնության մասին է խոսքը: «Մի շարք պատճառներով, ես չեմ կարող մանրամասնել նման օգնության բոլոր դետալները: Ընդամենը նշեմ, որ այն թե՛ ծավալով, թե՛ բովանդակությամբ տարբերվելու է Գերագույն զինվորական խորհրդին տրամադրված նախորդ օգնություններից», — ասել է Սպիտակ Տան ներկայացուցիչը: Միաժամանակ, նա նշել է, թե ԱՄՆ-ն «որոշում չի կայացրել որևէ ռազմական օպերացիա ձեռնարկել Սիրիայում, այդ թվում ոչ թռիչքային գոտիներ ստեղծել այդ երկրի օդային տարածքում», ինչը, ըստ ամերիկյան վարչակազմի, դժվար իրականացվելիք քայլ է:

Ցուցադրել ավելի
Back to top button