ԿարևորՔաղաքական

ՀՀԿ- ն նաեւ ընդդիմադի՞ր. ԱԺ ճեպազրույցներում

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Երեկ  Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ ամբիոնի մոտ մնաց խորհրդարանական ողջ օրվա ընթացքում: 2012թ.-ի տարեկան հաշվետվությունը հարց տալու կամ վերաբերմունք արտահայտելու  առիթ էր տվել  պատգամավորների մոտ մեկ քառորդին, ընդ որում՝  ոչ այնքան խորհրդարանական ընդդիմությանը, որքան  մեծամասնությանը:
Գլխադասայաին հանձնաժողովի ներկայացուցիչը, սակայն,  հստակ որևէ կարծիք փաստաթղթի վերաբերյալ չնշեց, ասաց, որ այն ծավալուն էր և հանձնաժողովը բավարար ժամանակ չի ունեցել նյութերն ուսումնասիրելու համար: Այս դիտարկումը «Ժառանգություն» խմբակցությանն առայժմ խանգարում է վերջնական դիրքորոշում հայտնել: Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց որ վերջնական կարծիք հայտնելու համար իրենց դեռ ժամանակ է պետք:

«Մենք գնահատական կտանք, երբ իսկապես պարզ դառնա, թե ինչ նպատակ է հետապնդում այս հաշվետվությունը: Զավեշտի է նման, նախադեպ չունեցող երևույթ է, երբ հանձնաժողովն ասում է՝ մենք ժամանակ չենք ունեցել: Չեմ բացառում նաև, որ իշխանության ներսում որոշակիորեն ինտրիգներ կամ խաղեր են կատարվում, բայց այս պահին ուզում եմ ձեռնպահ մնալ»:

 

ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարները այս փաստաթուղթը պետք է վերնագրեն Հաղորդում հանցագործության մասին։

Զ. Փոստանջյան

Zaruhi Postanjyan

Խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն այնքան էլ ձեռնպահ չէ։ եթե Ազգային ժողովը թատրոն չէ, իսկ հաշվետվության ներկայացումն էլ    բեմադրություն չէ, ապա դրանից հետո,  ըստ Փոստանջյանի , բոլոր խմբակցություններն անելիք ունեն:
«ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարները այս փաստաթուղթը պետք է վերնագրեն Հաղորդում հանցագործության մասին,  ստորագրեն այն և ուղարկեն ՀՀ գլխավոր դատախազին, ոստիկանապետին, Հատուկ քննչական ծառայության պետին»:

ՎՊ հաշվետվության ու թատրոնի միջև աղերսներ տեսավ նաև ՀԱԿ խմբակցության ղեկավարը: Ուսումնասիրության արդյունքներից Արամ Մանուկյանը գոհ է, կասկածներ ունի շարունակության առնչությամբ:

Ներկայացում երեք արարով. կլինի՞ երրորդ արարը։

Ա. ՄանուկյանAram Manukyan

«Իշխանի բերած թվերը լավ է. լավ ուսումնասիրություն է, բայց երրորդ արարը, որ էս ներկայացուցմը ավարտվի, լինելու՞ է: Երեք տարի այսպիսի խախտումներ ներկայացվել են: Ո՞ վ է պատժվել»:
ՕԵԿ-ը  կարծում է, որ պատժվողներ այս անգամ կլինեն: Կուսակցությունը  հայտարարում է, որ դեմ չի հաշվետվության նյութերը դատախազություն ուղարկելուն: Ավելին՝ երեկ երբ Իշխան Զաքարյանը չարաշահումների պատկերը փորձում էր մալուխի օրինակով ներկայացնել, ՕԵԿ-ից Հովհաննսես Մարգարյանը նկատեց, թե մալուխի փոխարեն  ձեռնաշղթաներ էր պետք բերել խորհրդարան:

Մալուխի փոխարեն՝ ձեռնաշղթաներ պետք է բերել խորհրդարան։

Հովհ. Մարգարյան

oek-margaryan

Այսօր խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը վերահաստատեց, որ բացահայտումների քրեական շարունակություն  են ակնկալում:

«Երեկ ՎՊ նախագահին մենք առաջարկել ենք փաթեթն ուղարկել դատախազություն: Թե ովքեր են այդ խախտումները կատարել, դա մեզ չի հետաքրքում»:

Երեկվա քննարկումներում ուշագրավը ոչ միայն ներկայացվող խախտումների ծավալներն էին, այլ նաև այն, թե ինչպես  դրանց արձագանեց Հանրապետական կուսակցությունը: ԱԺ նախագահը մասնավորապես չթաքցրեց իր զարմանքը:

«Զարմացած եմ, որ, կոպիտ ասած, գործ ունենք թալանչիների, յուրացնողների հետ: Բյուջեի իրական փողերը որոշ մարդիկ լափում են, և մենք իրականում ոչ մի քայլ չենք անում: Չ՞եք կարծում, որ եթե քայլ չանենք՝ հասարակության մոտ տպավորություն կլինի, որ մենք էլ ենք մասնակից»։

Լրագրողներից շատերին այսօր հետաքրքում էր, թե ինչով է պայմանավորված այդ ինքնաքննադատությունը: Նախ՝ ՀՅԴ խմբակցության ղեկավարի կարծիքով: Արմեն Ռուստամյանին թվում է, թե իշխանությունն արդեն փորձում է աշխատել թե իր, թե ընդդիմության փոխարեն:

Խոստովանությունից հետո գալիս է ապաշխարանքը։

Ա. Ռուստամյան

Armen Rustamyan. dashnak. ARF. HYD

«Ամեն դաշտում իրենք ուզում են լինել: Սա աբսուրդ է իհարկե, մարտավարական հնարք են կիրառում, որ ավելի լավ է էդ թեմաների մասին մենք խոսենք, ընդդիմությանը տեղ չմնա»:

Դաշնակացական պատգամավորը  ՀՀԿ-ի քննադատությունը կարող է նաև խոստովանություն գնահատել, բայց այդ դեպքում «Խոստովանությունից հետո գալիս է հաջորդ մասը: Էդ ապաշխարությու՞նը բա ով պետք է անի»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով՝ Վերահսկիչ պալատի հաշվետվությանը հանրապետականների  կոշտ արձագանքը լիովին հասկանալի է. այն ամեն,  ինչը ընդդիմությունն ինքը պիտի ներկայացներ, չի անում, հետևաբար «դա մենք ենք անում եւ շատ ճիշտ ենք անում»:

Իսկ ինչ շարունակություն կունենան այն բացահայտումները, որոնք այդքան զրամացրել ու զայրացրել էին մեծամասնության ներկայացուցիչներին:

Քննարկումներից հետո՝ նախ քաղաքական, հետո՝ վարչարարական, անհրաժեշտության դեպքում՝ նաև քրեական դիրքորոշումներ։

Գ. Սահակյան

Galust Sahakyan

«Մենք պիտի համբերենք, տեսնենք կառավարության տեսակետը ինչպիսին է: Դիրքորոշումներ կլինեն քննարկումներից հետո՝ նախ քաղաքական, հետո՝ վարչարարական, անհրաժեշտության դեպքում՝ նաև քրեական»:

Հիշեցնեմ , ՎՊ նախագահը երեկ բյուջետային միջոցների յուրացման ու չարաշահումների  բազմաթիվ փաստեր ներկայացրեց, կոռուպցին ռիսկերով հագեցած համարեց հատկապես շինարարության ու գնումների ոլորտները, տեղեկացրեց նաև  «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի» (ԾԻԳ) կողմից տարբեր խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն, քրեական գործ կհարուցվի՞, թե՞ ոչ՝ առայժմ հայտնի չէ:
Սա  արձանագրված խախտումներից միակն է, որի վերաբերյալ նյութերը ՎՊ-ն ուղարկել է իրավապահներին:  ՎՊ հաշվետվության քննարկումը երեկ ընդհատվեց նստաշարջանի ավարտվելու պատճառով, կշարունակվի թերևս հունիսի 17-ին հրավիրվելիք արտահերթի  ընթացքում:

Back to top button