Լևոն Թոքմաջյանը մտահոգված է այսօրվա Երևանի խայտաբղետ պատկերով


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Մայրաքաղաքի քաղաքաշինական դրսևորումների մասին ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը տեղեկանում է լրատվամիջոցներից: Կենտրոնի վերակառուցման շուրջ աղմուկ հանած Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի տարատեսակ ծրագրերն անտարբեր չեն թողել և վաստակաշատ քանդակագործին, ով իր բազում քանդակներով մեծ ավանդ է ներդրել մայրաքաղաքի արտաքին միջավայրի ձևավարման հարցում:
Որպես հին երևանցի Լևոն Թոքմաջյանը մտահոգված է այսօրվա Երևանի խայտաբղետ պատկերով: Նախկին Սվերդլովի փողոցի բնակիչը չի տեսնում նորանոր ծրագրերի ներդաշնակությունը մայրաքաղաքի ավանդական դիմագծերի հետ:
Ըստ նրա՝ վատը պետք է քանդվի, լավը՝ պահպանվի: Լևոն Թոքմաջյանին անկեղծորեն ուրախացրել են նոր նստարանները, ձևավորման նոր դրսևորումները: Ըստ նրա՝ քաղաքի զարգացումը երկարատև և քրտնաջան գործընթաց է, որով մաղվում է թերին և մնում է լավը։
Քանդակագործի կարծիքով՝ Երևանին այսօր պակասում են կոմպոզիցիոն քանդակներ և այս առաջարկությունը նա փոխանցել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Լևոն Թոքմաջյանը համարձակություն որակեց Փակ շուկայի վերակառուցման կանխումը քաղաքապետի կողմից, նկատելով, որ Երևանը միայն օլիգարխների քաղաքը չէ, այլ բոլոր երևանցիներինը:
Այժմ քանդակագործը ավարտում է Ֆլորա Մարտիրոսյանի մահարձանի պատրաստումը` սպիտակ մարմարից և ափսոսում է, որ այդ շքեղ գործը հասու չի լինի լայն հասարակությանը: Ըստ նրա՝ հայրենասեր այս երգչուհին արժանի է իր անվան փողոց կամ դպրոց ունենալ մայրաքաղաքում: