«Գլոսե» կազմակերպությունն այսուհետ կզբաղվի ազատամարտի վետերանների սոցիալական խնդիրները գրագետ բարձրացնելով


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Ազատամարտի վետերանների սոցիալական խնդիրներին իրավական ձեւակերպումներ տալու եւ բողոքը իրավաբանորեն ճիշտ կազմակերպելու համար փոխադարձ համաձայնությամբ այսուհետ դրանցով զբաղվելու է «Գլոսե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է կազմակերպության նախագահ Աշոտ Համբարձումյանը: «Եկել է ժամանակը, երբ կառավարության հետ երկխոսությունների ընթացքում առավել լուրջ ու գրագետ մոտեցում ցուցաբերվի, ինչը իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կարող է կատարել արհեստավարժորեն»,-նշել է կազմակերպության նախագահը:
Նախաձեռնող խմբի անդամներից Մհեր Մազմանյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով երեկ կառավարությունում պատգամավորների կողմից շրջանառված «Մարտական գործողությունների մասին» օրենքի նախագծին` ասել է, որ այն, ըստ էության, 98-ից գործող օրենքն է, որում, սակայն, մի դրույթ է փոփոխվել, ինչի հետ իրենք չեն կարող համաձայնել, հետեւաբար` բավարարված չեն, ինչպես որոշ լրատվամիջոցներ հայտնել են: Թե ինչու նոր նախաձեռնությունը չի բավարարում ազատամարտիկներին եւ ինչ մտահոգություններ ունեն նրանք օրինագծի հետ կապված` ասուլիսի մասնակիցներն ասել են, որ կներկայացնեն առաջիկայում կայանալիք հանրահավաքում: