Հասարակություն

«Բոլորը գնում են Երևան»- ը՝ սբ. Էջմիածնում

Հունիսի 14-ին «Բոլորը գնում են Երևան» ժողովրդական դիվանագիտական առաքելության և «Խաղաղության գավաթ» նախաձեռնության Լատվիայի և Էստոնիայի ներկայացուցիչներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր նրանց ընդունեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Հանդիպմանը «Բոլորը գնում են Երևան» ժողովրդական դիվանագիտական առաքելության ղեկավար Միլիս Կուբիցը, «Խաղաղության գավաթ» նախաձեռնության նախագահ Յուրի Կայդան և Ռիգայի ու Տալինի հոգևոր հովիվ Տ. Խոսրով քահանա Ստեփանյանը ներկայացրեցին առաքելության նպատակը, որ է` աշխարհի ուշադրությունը հրավիրել Հայաստանի մշակութային, պատմական և հոգևոր արժեքների վրա և բարեկամական ձեռք մեկնել հայ ժողովրդին: Տ
եղեկացվեց, որ ծրագրի շրջանակներում հունիսի 11-16-ը աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են այցելել շուրջ 600 հասարակական և մշակութային գործիչներ:

Այնուհետև պատվիրակության այցը հայոց հոգևոր կենտրոն ողջունեց Արշակ Սրբազանը` ներկաներին փոխանցելով Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու գնահատանքը խաղաղարարական իրենց կարևոր առաքելության իրականացման համար:
Սրբազան Հայրը հույս հայտնեց, որ նախաձեռնությունն իր խորհրդի մեջ անարձագանք չի մնա և կնպաստի մարդկային հարաբերությունների մեջ խաղաղության և համերաշխության ամրապնդմանը: Մայր Աթոռի դիվանապետը մեծապես կարևորեց Եկեղեցու` որպես խաղաղության քարոզչության առաջին ջահակրի դերակատարությունն այս նվիրական առաքելության իրականացման ճանապարհին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button