ԿարևորՔաղաքական

Վաղ թե ուշ երկու անկախ պետություններ՝ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը, կողք կողքի կապրեն

1988- ին սկսված Արցախյան շարժումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ Հայաստանին միավորվելու կամքի արտահայտությունն էր, սակայն միաժամանակ այն շարժում էր հանուն սոցիալական իրավունքների, մարդու իրավունքների, անվտանգ եւ ազատ ապրելու շարժում էր, հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը France 24 հեռուստակայանին տված հարցազրույցում։

«Պատերազմի ժամանակ, որը հետեւեց մեր շարժմանը, որոշեցինք անկախ լինել՝ տեսնելով, որ պետականության այդ ձեւն է առավել անվտանգ այս տարածաշրջանում ապրելու համար»,- ասել է նա։

ԱԳ նախարարը հայտարարել է, որ խաղաղ հանրահավաքներին ի պատասխան Ադրբեջանը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում սանձազերծեց խաղաղ հայ բնակչության զանգվածային կոտորածներ։ «Դրա պատասխանը Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ագրեսիան էր»,- ասել է Կարեն Միրզոյանը։

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի շուրջը տարածքների հարցին՝ նա նշել է, որ «այդ տարածքների ազատագրման նպատակը բուֆերային գոտու ստեղծումն էր, որպեսզի ԼՂ ժողովուրդը խաղաղ ապրելու հնարավորություն ունենա»։

Հնարավորություն կա՞, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան Լեռնային Ղարաբաղ, հնարավորություն կա՞, որ այս տարածքում հայերն ու ադրբեջանցիներն ներդաշնակորեն ապրեն։

«Բոլորը հասկանում են, որ վաղ թե ուշ կգանք ինչ- որ ընդհանուր հայտարարի եւ երկու անկախ պետություններ՝ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը, կողք կողքի կապրեն ազատ եւ խաղաղ»,- պատասխանել է Կարեն Միրզոյանը։

Խոսելով ՄԽ շրջանակներում ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին՝ ԼՂՀ ԱԳ նախարարը նշել է, որ գործընթացի սկզբում նպատակ կար մի սեղանի շուրջ նստեցնել հակամարտող երեք կողմերին։

«Հակամարտության հիմնական կողմերը Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանն էին, սակայն հետագայում գործընթացին ներգրավվեց նաեւ Հայաստանը։ Ցավոք սրտի՝ իրավիճակը փոխվեց 90- ականների վերջին եւ Լեռնային Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից»,- նկատել է նախարար Միրզոյանը՝ հավելելով, որ սա է ստեղծված փակուղու հիմնական պատճառը։

«Պատերազմն այս հակամարտության լուծումը չէ։ Պատերազմը բոլորի համար կլինի աղետ»,- ասել է նա։
Անդրադառնալով տնտեսական դրությանը՝ ԼՂՀ ԱԳ նախարարը փաստել է, որ վերջին 2- 3 տարիներին արձանագրվել է 9- 10 տոկոս աճ։ «Մենք նավթ չունենք, սակայն ունենք լեռնահումքային արդյունաբերություն, ունենք էներգետիկա, արտադրություն, գյուղատնտեսություն, փորձում ենզ զարգացնել տնտեսության նոր ոլորտներ՝ մասնավորապես զբոսաշրջությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները»։

Հարցին, որ չկա՞ մտահոգություն, թե ԱՄՆ կարող է այս հակամարտության կարգավորման հարցում կանգնել Ադրբեջանի կողքին՝ Կարեն Միրզոյանը պատասխանել է, որ «մենք փորձում ենք լավ հարաբերություններ պահպանել բոլոր կողմերի հետ», «մեր նպատակն է այս երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) հետ աշխատել, գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համատեղ ճանապարհ։

«Ադրբեջանը պետք է փոխի իր դիրքորոշումը։ Ադրբեջանը  երկիր է, որը սերմանում է այլատյացություն եւ ատելություն այն ամենի նկատմամբ, ինչը հայկական է։ Ադրբեջանը երկիր է, որը ազգային հերոս է դարձնում կացնահարող- մարդասպանին»,- ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button