Տնտեսական

Հայ երիտասարդների մոբայլ լուծումները լավագույններից են

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանում տեխնոլոգիական նորարարություննռրի համար նոր հնարավորություններ են ստեղծվում, իսկ արդեն ստեղծված ծրագրերն ընդլայնվում են: «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան այսուհետ կգործի  նոր տարածքում` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում:
Աշխարհահռչակ Nokia ընկերության և mLab մոբայլ լուծումների լաբորատորիայի անցկացրած «Մոբայլ միկրոաշխատանքի» մրցույթում ներկայացված գաղափարների թվով Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել` առաջ անցնելով Հնդկաստանից, Արևելյան Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի բոլոր երկրներից: Այդ մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին տեղեկացրին Երևանում «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի նոր տարածքի բացման ժամանակ:
Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց լաբորատորիայում կրթություն ստացող երիտասարդների նորարարական նախագծերով: Շարժական մոբայլ սարքերի համար հավելվածներից մինչև պատկերը երաժշտության վերածող մտահղացումներ, մեկ միասնական ինտերնետային հայատառ տառատեսակի գաղափարներ: Սակայն այս պարագայում կարեւորվում է ոչ միայն զուտ նորարարությունների ստեղծումը, այլ դրանց կիրառումը տնտեսության մեջ:
Հենց այստեղ է, որ երբեմն ՏՏ գաղափարները չեն արդարանում: Դրա համար անհրաժեշտ է վենչուրային հիմնադրամների զարգացում:

mLab մոբայլ լուծումների լաբորատորիան Հայաստանում գործում է դեռ 2011թ-ից: Նպատակն է խթանել շարժական կապին վերաբերող նորարարությունը Nokia ընկերության աջակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, Ֆինլանդիայի կառավարության և Nokia-ի կողմից:
Ի դեպ` Nokia-ն աշխարհում հիմնադրել է հինգ նման մոբայլ լաբորատորիա: Հայաստանում տեղակայվել է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար տարածաշրջանային լաբորատորիան:
Գործունեության այս կարճ ժամանակահատվածում mLab-ի աջակցությամբ արդեն ձևավորվել են ավելի քան 20 թիմեր, սկսնակ ընկերություններ, ստեղծվել են 70 մոբայլ աշխատածրագրեր` ներգրավելով շուրջ 100 հազար դոլարի ներդում, որոնք տեղադրվել են Android, iOS և Windows Phone առցանց հարթակներում:
Կազմակերպվել է ավելի քան 20 դասընթաց Երևանում և Գյումրիում, որի արդյունքում շուրջ 180 մասնագետներ հմտացել են մոբայլ տեխնոլոգիաների ոլորտում: Նրանց առջեւ արդեն սեփական կազմակերպությունները հիմնադրելու հնարավորություններ են բացվել: 

Back to top button