Իրանն ընտրությունների շեմին. նախագահ կդառնա ամենափորձառո՞ւն, թե՞ ամենաերիտասարդը


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Վաղը Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի են ունենալու նախագահի ընտրություններ: Գրանցված թեկնածուները 6- ն են, 2-ը՝ ինքնաբացարկ են հայտնել։ Բոլոր թեկնածուների քարոզարշավի գլխավոր ծրագիրը եղել է տնտեսական վիճակի բարելավումը, քանի որ երկրի տնտեսական դրությունն այսօր ծանր է, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Գոհար Իսկանդարայանը` հավելելով, որ քարոզարշավի ընթացքում արտաքին քաղաքականության ոլորտին վերաբերող հարցերին ամենագրագետն անդրադարձել է Վելայաթին, ով 16 տարի եղել է Իրանի արտաքին գործերի նախարար: Թեեւ նա շատ լավ էր կազմակերպել իր քարոզարշավը, իրանցիների անհրաժեշտ համակրանքը չի վայելում։
Իսկ ահա Թեհրանի քաղաքապետ և նախագահի թեկնածու Ղալիբաֆի վերաբերյալ իրանագետ Գոհար Իսկանդարյանը հավելեց, որ վերջինս հաղթելու շանսեր ունի, քանի որ պաշտոնավարման տարիներին լուրջ քայլեր է ձեռնարկել մայրաքաղաքում և նրա շուրջն է համախմբված երիտասարդների մի հոծ զանգված։
Երկրի տնտեսությունը նախագահի թեկնածու Ղալիբաֆի համար առաջնային է, և վերջինս էլ, ըստ իրանագետի, նշել է, որ 2 տարում կբարելավի վիճակը։ Իրանում անցկացրած սոցհարցումները ցույց են տվել, որ Ղալիբաֆն առաջին փուլում կհավաքի ձայների 20 %-ը:
Նախագահի ամենաերիտասարդ թեկնածու, Իրանի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սայիդ Ջալիլին, Գոհար Իսկանդարյանի խոսքով, լուրջ առաջընթաց է գրանցել քարոզարշավի ընթացքում, սակայն վերջերս հեռուստաբանավեճերից մեկի ժամանակ նրա նկատմամբ սեւ PR է իրականացվել։ Իրանագետի ձևակերպմամբ` Սայիդ Ջալիլին թիրախ դարձավ, քանի որ երկրի հոգևոր դասի համակրանքն է վայելում եւ բարձրաստիճան հոգեւորականությունը նրան է տեսնում Իրանի նախագահի պաշտոնում:
Ջալիլիի ցանկությունն է նորացնել հեղափոխության գաղափարները, ընդգծեց իրանագետը, և հավանական համարեց, որ նախագահի ընտրություններում կլինի 2-րդ փուլ:
Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին` Իսկանդարայանը նշեց, որ թեկնածուներից որևէ մեկի ընտրվելու դեպքում երկու հարևանների հարաբերությունները չեն տուժի: Ընդհակառակը՝ Իրանն ամեն ինչ անում է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու համար: Իրանագետը պատճառներից մեկը պայմանավորում է հայ համայքնի գոյությամբ։
Տեղեկացնենք, որ Իրանի կառավարությունը հայկական Թադեի վանքը առաջարկել է ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում։ Իրանը պետական բյուջեից գումարներ է հատկացնում հայկական եկեղեցիները և կառույցները վերականգնելու համար: