Միջազգային

Էրդողանը վերջնագիր է ներկայացնում. Թաքսիմը կազատեն 24 ժամում

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիփ Էրդողանը վերջին նախազգուշացումն է արել  Ստամբուլի կենտրոնում հավաքված ցուցարարներին։
«Մեր համբերությունը սպառվում է, նախազգուշացնում եմ վերջին անգամ, հայրեր և մայրեր, տարեք ձեր երեխաներին այդտեղից»,- այսօր հեռուստաուղերձում ասել է Էրդողանը, ում հրաժարականի պահանջով Թուրքիայում բողոքի գործողությունները շարունակվում են արդեն 17 օր:
Այսօր ավելի վաղ վարչապետն ասել էր, որ մտադիր չէ հանդուրժողականություն ցուցաբերել նրանց նկատմամբ, ով վնաս է հասցնում Թուրքիային և ներքին գործերի նախարարին 24 ժամ էր տվել Գեզի այգին և Թաքսիմ հրապարակը ցուցարարներից ազատելու համար:
Այսօր առավոտյան, չնայած իշխանությունների հորդորին, հակակառավարական գործողությունների հարյուրավոր մասնակիցներ կրկին գրավել են Թաքսիմը: Երեկ Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը հայտարարել էր, որ իշխանությունները պատրաստ են Գեզի զբոսայգու ճակատագիրը վճռել հանրաքվեի միջոցով:

Այսօր նաև հայտնի է դարձել, որ հիվանդանոցում ստացված վնասվածքներից մահացել է բողոքի գործողությունների ևս մի մասնակից: Էթեր Սարիսուլյուկը գանգուղեղային վնասվածք էր ստացել  հունիսի մեկին՝ հակակառավարական ցույցը ոստիկանների կողմից ցրելու ժամանակ:
Թուրքիայում երկու շաբաթ շարունակվող զանգվածային հուզումների հետևանքով արդեն պաշտոնապես հաստատվել է մահվան 5 դեպք, մարմնական վնասվածքներ է ստացել ավելի քան 5 հազար մարդ:

Ցուցադրել ավելի
Back to top button