Քաղաքական

Անդորր փոթորիկից առա՞ջ, թե՞ ամառային հանգիստ

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Կա երկու բանակ. մեկը հիասթափված է, մյուսը` չգիտի իր անելիքները, որովհետեւ ամեն ինչ կապում է ընտրությունների հետ: Այս հանգամանքով է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը պայմանավորում ներքաղաքական կյանքի այսօրվա հանգստությունը: 

Արամ Կարապետյանի բնութագրմամբ՝ խելոք ընդդիմությունը, որը կա բոլոր գործընթացների մեջ ու չի երեւում, հստակ հասկանում է, որ իրավիճակն ընդդիմադիր է եւ գիտակցում, որ չարժե մտնել ինչ-ինչ գործողությունների մեջ, երբ առանց այդ էլ ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ։ Խելոք ընդդիմությունը նման պայմաններում պիտի սպասի, կարծում է Արամ Կարապետյանը։

Ըստ բանախոսի` որքանով էլ արտաքին ու ներքին կյանքում թվացյալ հանգստություն է, մոտ է մի ժամանակ, երբ իշխանությունները ստիպված կլինեն ընդունելու քաղաքական որոշումներ, ոչ թե առաջնորդվելու պահի թելադրանքով:

ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, մինչդեռ, համոզված է, որ ներքաղաքական կյանքի այսօրվա հանգիստ վիճակը պայմանավորված է երկու հանգամանքով: Նախ՝ ամառ է եւ այն սովորաբար ներքաղաքական զարգացումների առումով հանգիստ ժամանակահատված է: Բացի այդ, նրա ձեւակերպմամբ, զարգացումները մեծ մասով կենտրոնացած են Ազգային ժողովում։

Զարգացումների եւ սպասումների տարածաշրջան. այսպես բնութագրեց Մհեր Շահգելդյանը` խոսելով տարածաշրջանային անցուդարձերի մասին: Նա նկատի ուներ, որ մի շարք երկրներում` Իրան, Ադրբեջան եւ Թուրքիա, սպասվում են նախագահական ընտրություններ: Լարվածություն կա Թուրքիայում, որոշ չափով` նաեւ Վրաստանում: Մհեր Շահգելդյանի գնահատմամբ` Հայաստանն առավել կայուն եւ խաղաղ վիճակում է ու պիտի կարողանալ շահել այդ դրությունից:

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի կարծիքով, սակայն, աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները չեն ընդունում «եւ, եւ» սկզբունք ու գալու է պահը, երբ ուժային կենտրոնները դնելու են «կամ, կամ» պահանջը, իսկ այդ պահը ծանր է լինելու։

Ըստ Արամ Կարապետյանի` արտաքին քաղաքականության մեջ եկել է պահը բոլոր կողմերից հարվածներ ստանալու, ինչը, նրա ձեւակերպմամբ, ոչ համարժեք գնահատականների արդյունք է։

Ցուցադրել ավելի
Back to top button