Հասարակություն

Փաստաբանը ՀՀ նախագահին խնդրում է ապահովել դատական իշխանության բնականոն գործունեությունը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ապահովել դատական իշխանության բնականոն գործունեությունը: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ փաստաբանը հայտարարել է, թե դատական իշխանության գործունեությունն այսօր խաթարված է:

Փաստաբանների պալատի խորհրդի անդամը ՀՀ արդարադատության խորհուրդ էր դիմել առաջին ատյանի դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով: Ըստ փաստաբանի` դատավորը չէր հետազոտել գործում առկա ապացույցները, ինչն օրենքի կոպիտ խախտում է:

Արդարադատության խորհուրդը մերժել էր փաստաբանի դիմումը՝ պարզապես նշելով, որ կարգապահական վարույթ հարուցելու համար հիմքերը բավարար չեն:

Մինչդեռ, Գյոզալյանի խոսքով, օրենքի համաձայն Արդարադատության խորհուրդը պարտավոր էր պատճառաբանել մերժումը, ինչը չի արվել: Փաստաբանն ասաց, թե այս խնդրով անցել է բոլոր ատյանները, ապա դիմել նաեւ ՍԴ:
Ըստ Սահմանադրական դատարանի որոշման` դիմումի մերժումը պետք է լինի «իրավաչափ և անհրաժեշտ հիմնավորումներով»: Թեև ՍԴ-ն որոշում էր կայացրել առ այն, որ նոր հանգամանքի հիմքով բողոքը ենթակա է վերանայման, Վճռաբեկ դատարանը մերժել է քննության առարկա դարձնել բողոքը:
Մյուս կողմից` փաստաբանը նկատեց, որ կարգապահական վարույթներ նույն գործերով հարուցվում են, երբ դիմողը արդարադատության նախարարությունն է: Նման դեպքերը շատ-շատ են եւ, ըստ փաստաբանի, խիստ մտահոգիչ, քանի որ ակնհայտ է` Արդարադատության խորհուրդը սուբյեկտիվ մոտեցում ունի այդ հարցերի նկատմամբ, բացի այդ` այս մարմինն ուղղորդվում է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից:

Գևորգ Գյոզալյանի համոզմամբ՝ իրականությանը չեն համապատասխանում պնդումներն առ այն, թե Վճռաբեկ դատարանը «իրավունք է զարգացնում»։ «Իրականում հանրության աչքին թոզ են փչում»,- ձեւակերպեց փաստաբանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ այս խնդրով դիմել է պատկան մարմիններին, դիմել է նաեւ երկրի նախագահին՝ Սահմանադրության երաշխավորին:

Կարդացեք նաև
Close
Back to top button