ԿարևորՔաղաքական

Վարչապետը հերքում է փողերի լվացման իրեն ուղղված մեղադրանքը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Խորհրդարանն այսօր ձայների 87 կողմ, 5 դեմ, 20 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային ու մաքասային արտոնություններ տալ  նախատեսող օրինագիծը: Մինչ քվերակությունը հայտարարություն են արել ընդդիմադիր խմբակցություններն ու ԲՀԿ-ն։ Նրանք կառավարությանը հորդորել են մինչև երկրորդ ընթերցում, որը, ի դեպ, վաղն է նախատեսվում, քանի որ օրիանգիծնը քննարկվում է հատուկ ընթացակարգով, ընդունել այն առաջարկությունները, որոնք ընդդիմադիրներին են փոխանցել «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամները։
Առաջարկները, որոնք «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանը շահեկան, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը տրամաբանական, իսկ ՀԱԿ-ից էլ Արամ Մանուկյանը հեշտ իրագործելի են   համարել, վերաբերում են երկու հարցի. առաջարկվում է ազգությամբ հայ ուսանողների  դիպլոմների հայերեն հավաստագրում ներմուծել և  ներկայացնել ներդրումների մանրամասն ծրագիր ու ժամանակցույց:
Առաջարկներն ընդունելու դեպքում ընդդիմադիր խմբակցությունները  խոստացել են կողմ քվեարկել օրինագծին:

Իսկ քննարկումներն այսօր վերեբերել են Բյուջե 2012-ի կատարողականին: Հաշվետվությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ներկայացներ այն մասին, թե հաշվետու ժամանակահատվածում ինչ է  կատարվել երկրում բոլոր իմաստներով:
Կառավարության ներկայացրած փաստաթուղթը , ըստ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի , այդպիսին չէ:

«Ցավոք՝ մեզ ներկայացված է փաստաթուղթ  ոչ թե 2012-ին տեղի ունեցած պրոցեսների մասին, այլ փաստաթուղթ կառավարությասն աննախադեպ ու անվերջանալի հաջողությունների մասին»:
Բյուջեի կատարման հաշվետվությունը իրականության հետ, ըստ պատգամավորի, կապ չունի: Իսկ իրականությունը այն ցուցանիշների մեջ է, որոնք պաշտոնական վիճակագրությունն է փաստում  օրինակ 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում աշակետների թվի նվազման կամ ծնելիության անկման մասին:
Շարքը շարունակելով և պաշտոնական վիճակագրությանը հղում անելով ՝ Փաշինյանը հիշեցրեց նաև 2012-ին 2011-ի համեմատ ավելի քիչ թվով զբոսաշրջիկ, ավելի պակաս քանակությամբ ներդրում ու ավելի մեծ թվով ինքնասպանության դեպքեր ունենալու վիճակագրությունը:
«Այս ամենի մասին բյուջեի կատարողականում խոսք անգամ չկա, փոխարենը մենք իմանում ենք , որ կառավարությունը ընդունել է հայեցակարգեր, ռազմավարություններ, պլատֆորմներ»:

Հրանտ Բագրատյանի վերլուծությունը, կամ ավելի ճիշտ քննադատությունը, տնտեսագիտական էր: Նախկին վարչապետը ելույթի սկզբում երկու արձանագրում արեց ՝  2012-ին երկրում տնտեսական  աճ եղել է, բյուջեն կատարվել է. այսքանով,  ասաց, իր  դրական վերաբերմունքը կատարողականի նկատմամբ սպառվում է. աճը այն չափով չէ, որը կառավարությունն է ներկայացնում, իսկ բյուջեն չկատարել հանարվոր չէր, քանի որ խիստ համեստ նպատակադրումներ էին դրված:
Նախկին վարչապետը գոհ չէր ոչ կատարողականից, ոչ էլ այն մեթոդոլոգիայից, որով կառավարությունը հաշվարկում է տնտեսական ցուցանիշներից հիմնականները:

Կատարողականից պարզվեց դժգոհ է նաև ԲՀԿ-ն: Խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, թե «Բարգավաճ Հայաստանի» վերաբերմունքը կառավարության նկատմամբ չի փոխվել, քանի որ կառավարությունը չի փոխել իր քաղաքականությունը: Իսկ վարվող սոցիալ- տնտեսական քաղաքականությունը  աղքատության, գործազրկության ու արտագաղթի  կրճատմանը չի նպաստել։
ԲՀԿ պատգամավորն ասաց, որ խմբակցությունը կառավարության հաշվետվությունը անբավարար է գնահատում: Նույն գնահատականը տվեց Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը: Նա նույնպես  իր քննադատությունը պաշտոնական վիճակագրության վրա կառուցեց:
«Ըստ պաշտոնական վիճակագրության ՝ 2012-ին 2011-ի համեմատությամբ նվազել է տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը, զբաղվածների թիվը շուրջ 16 հազարով պակաս է եղել, քան նախորդ տարի»:

Խմբակցությունների դիրքորոշումները ներկայացնելով ՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն ու  ԲՀԿ-ն հայտարարեցին, որ դեմ  են քվեարկելու կատարողականին:
Ընդդիմադիրների քննադատությանը եզրափակիչ ելությում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ։ Նախ՝ իր անձին ուղղված մեղադրանքներից խոսեց: Քանի որ վարչապետի օֆշորային պատմության թեման նաև խորհրդարանում էր արծարծվել, Տիգրան Սարգսյանը որոշեց այս մասին այստեղ խոսել։
«Որեւէ մեկի համար դժվարություն չի՝ օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն Նիկոլ Փաշինյանի անունով՝ չունենալով նրա թույլտվությունը: Դա օֆշորային գոտու առանձնահատկությունն է»:

Տ. Սարգսյանի ներկայացմամբ՝ Հայաստանում փողերի լվացման դեմ պայքարի հայեցակարգը ներդրվել է իր անմիջական մասնացությամբ,   ինքը պատկերացում ունի փողերի լվացման սխեմաների մասին: Այն սխեման, որի մեջ ինքն է մեղադրվում, ըստ Սարգսյանի,  անհեթեթ է:

«Իմ անունով ստեղծել են ձեռնարկություն՝ նպատակ ունենալով ստեղծել  մի սխեմա, որով ինձ պետք է փոխհատուցեն… Ավելի անհեթեթ սխեմա մշակել այդ ոլորտից շատ թե քիչ ծանոթ մարդու մտքով անգամ չէր կարող անցնել…Ես օֆշորում որեւէ ձեռնարկություն չեմ գրանցել եւ որեւէ մեկին չեմ լիազորել գրանցել»:
Վարչապետի ամփոփմամբ՝ այս ողջ պատմությունն իրեն վարկաբեկելու փորձ է, որը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է: Դրանց,ասաց, որ հանգիստ է վերաբերվում:

Ի դեպ,՝ թեման շարունակվեց նաև կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, որը վերջին էր  այս  նստաշրջանի ընթացքում:
ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց վարչապետին ՝այդ դեպքում ինչու է այդքան գումար փոխանցվել հաշվեհամարին, եթե  ողջ պատմությունը  միայն վարկաբեկման նպատակ է ունեցել:
ՀԱԿ պատգամավորը հարցից բացի նաև առաջարկ ուներ: Նա առաջարկեց այս հարցով խորհրդարանում հանձնաժողով ձևավորել:
Սարգսյանը դեմ էր  խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու առաջարկին, ինչ վերաբերում է բանկային գործարքներին, ապա որոշումների իրավունքն ու պատասխանատվությունը, ասաց, բանկերինն է։

Ցուցադրել ավելի
Back to top button