Վերլուծական

Հայաստանը Ռուսաստանից բացի ռազմաքաղաքական այլ դաշնակից չունի

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը խորհուրդ է տալիս լուրջ չվերաբերվել Ադրբեջանի այն հայտարարությանը, թե պատրաստ է գազ մատակարարել Հայաստանին։
«
Այս հայտարարության մեջ ասվում է, որ մենք Հայաստանին գազ կմատակարարենք։ Այնուհետև հաջորդում է, որ գազ կմատակարարենք, եթե նրանք Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի կազմում: Սրան կարելի է հումորով վերաբերվել:  Ադրբեջանն ընտրությունների նախաշեմին պետք է ցույց տա, որ հայերը սոված են, մրսած, մյուս կողմից էլ՝ իրենց պատրաստակամությունը հայտնեն: Նրանք, ովքեր նման խորհուրդ են տվել ադրբեջանական էլիտային, ճիշտ հաշվարկներ չեն կատարել»,- ասում է Իսկանդարյանը։

Հայտարարությանը նրա տեղակալ Սերգեյ Մինասյանը  նույնպես  լուրջ չի վերաբերվում: Վերջինիս խոսքով էլ`Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, 20 անգամ ավելի քիչ է գազիֆիկացված։ Ըստ բանախոսի` Հայաստանն աշխարհում ամենագազիֆիկացված երկիրն է: Հանրապետությունում շատ քիչ գյուղեր կան, որ չունեն բնական գազ, իսկ Ադրբեջանում՝ շրջաններ կան: Հետևաբար՝ Բաքվի հայտարարությունը քաղաքականացված է, հավելեց Մինասյանը և ավելացրեց, որ  Ադրբեջանի այն պաշտոնյաները, ովքեր տվել են այդ գաղափարը,  շատ լուրջ են վերաբերվել Հայասատանում բարձրացված աղմուկին:

Հրաժարվեք Ղարաբաղից և մոռացեք մնացած ամեն ինչի մասին. Ադրբեջանի հայտարարությունն այսպես մեկնաբանեց Մինասյանն ու ընդգծեց, որ Ադրբեջանն այս նույն գաղափարն արտահայտել է շատ անգամներ: 

Այսօր մեր հասարակությանն ավելի շատ հետաքրքրում է դաշնակից Ռուսաստանի  ռազմավարական քաղաքականությունը. թե ինչու փոխեց գազի գնի վերաբերյալ իր ռազմավարությունը:  Գազի սակագնի թանկացման արդյունքում Հայաստանը Բելառուսից հետո ԱՊՀ երկրների շարքում շարունակում է մնալ երկրորդ երկիրը, որը ստանում է ավելի էժան սակագնով գազ, քան՝ համաշխարհային շուկայական գներն են, հավելեց Մինասյանը:

Սակայն փաստ է, որ գազի սակագինը բարձրանում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև հետխորհրդային երկրներում, նույնիսկ Ռուսաստանում և սպասել, որ Մոսկվան զիջումներ կանի, պետք չէ, քանի որ ամեն ինչ չէ, որ քաղաքականության մեջ ցանկություններից է կախված, հավելեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենը։

Սակայն, ըստ նրա, այս ամենը չի կարող խանգարել հայ-ռուսական  ռազմատեխնիկական գործընթացին: Այն ռազմատեխնիկական հզոր  աջակցությունը, որ Հայաստանը ստանում է Ռուսաստանից, վերջինիս համար փաստ է: Եվ մենք պետք է հասկանանք, որ հայ-ռուսական հարաբերություններում բացի գազից և զենքից, կա նաև այն հանգամանքը՝ Հայաստանը Ռուսաստանից բացի ռազմաքաղաքական այլ դաշնակից  չունի։
Խոսելով հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների մասին՝ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի համար Ադրբեջանում եզակի ներքաղաքական իրավիճակ է ստեղծվել, քանի որ Իլհամ Ալիևը նախագահական 3- րդ ժամկետի համար է պայքարում։
Ըստ Մինասյանի` Ադրբեջանում շատ քչերն են գոհ այդ իրավիճակից: Ընդդիմության միավորումն Ադրբեջանի իշխանությունների համար վտանգավոր է, սակայն դա հետ չի պահի Ալիևին և իր համախոհներին անել այն, ինչ արել են այսքան ժամանակ:
Գործընկերոջ կարծիքը կիսում է նաև քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ «
Ընդդիմության միավորվելն Ադրբեջանում ոչ մի բան չի փոխի, քանի որ Ալիևի հաղթելու շանսերը շատ ավելի մեծ են»:

Back to top button