Հասարակություն

Արդարացվել է Շուշիի բանտում մահանալուց հետո

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր լրագրողների հետ հանդիպել են ԼՂՀ Շուշիի ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի մայրն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ 2012թ նոյեrբերի 20-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Հայկ Մովսիսյանին զինծառայությունից խուսափելու համար մեղավոր էր ճանաչել և դատապարտել երեք տարվա ազատազրկման: 2012թ նոյեմբերի 28-ին Շուշիի ՔԿՀ-ում Հայկ Մովսիսյանին մահացած են գտել: 2013թ ապրիլի 13-ին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ վերաքննիչ դատարանը Հայկ Մովսիսյանին հետմահու արդարացրել է։
Հրազդան քաղաքի բնակիչ Հեղինե Պետրոսյանը 2012թ նոյեմբերի 28-ինԼՂՀ Շուշիի ՔԿՀ-ում մահացած զինծառայող Հայկ Մովսիսյանի մայրն է: Վերջին անգամ նա որդուն տեսել է 2012թ նոյեմբերի 21-ին ։

«Քանի որ ես տեսակցության եմ գնացել նոյեմբերի 21-ին, երեխան ասաց. «Մամ, ստեղից ինձ հանի»։ Մենակ էդ խոսքն ասաց, չթողեցին, որ ես երեխայիս հետ ողջագուրվեմ, շատ կոպիտ, բռի ձևով երեխուն բերեցին, նույն ձևով տարան։ Վերջին անգամ այդ ժամանակ եմ տեսել, երեք օր հետո ասում են, որ ձեր երեխան կախվել է»:
Տիկին Հեղինեն ինքնասպանության վարկածին չի հավատում, պնդում է, որ որդին առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, ավելին՝ մահացած որդու մարմնի վրա հետքեր է նկատել, ինքն ունի նկարներ, սակայն որևէ մեկին չի պատրաստվում դրանք ներկայացնել։
«Պնդում էին, որ իմ երեխեն կախվել է, բայց իմ երեխեն չի կախվել, ես իրա վրա հետքեր եմ տեսել, ես նկարները ոչ մեկին չեմ տա: Ես պնդում եմ, որ իմ երեխեն չի կախվել»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը շարունակելով փաստում է՝ 2012թ նոյեմբերի 20-ին, երբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Հայկ Մովսիսյանին զինծառայությունից խուսափելու համար մեղավոր է ճանաչել, այդ ժամանակ Հայկն արդեն զինծառայող չէր, քանի որ հոկտեմբերի 16-ին ստացել է իր զինվորական գրքույկը: Սաքունցը տարակուսած է, ո՞րն է օրինականը՝ ինչի՞ հիման վրա է քրեական գործ հարուցվել:

«2013 թ. ապրիլի 13-ին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ վերաքննիչ դատարանը հետմահու անմեղ է ճանաչել Հայկ Մովսիսյանին: Մայիսի 3-ին հատուկ քննչական ծառայության պետն ազատվեց աշխատանքից»,- շարունակեց Արթուր Սաքունցը:
Հայկ Մովիսիյանի մայրը վստահեցնում է, որ որդին իսկապես առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, նրան այդ խնդիրների համար իսկապես զորացրել են: Որևէ մեկին պարզ չէ, թե ինչու տուժողի հայրը կամ մայրը տուժողի իրավահաջորդ չեն ճանաչվել:

«Մեր պահանջն է անհապաղ ճանաչել Հեղինե Պետրոսյանին՝ Հայկ Մովսիսյանի մորը, տուժողի իրավահաջորդ: Հեղինե Պետրոսյանին՝ Հայկ Մովսիսյանի մորը, տուժողի իրավահաջորդ չճանաչելը ես ուղղակիորեն որակում եմ հանցագործության կոծկման շարունակություն, իսկ հանցագործության բուն էությունը հանդիսանում է Հայկ Մովիսիյանի սպանությունը և այդ սպանության կոծկումը»,- ասում է Սաքունցը։

Նա հայտարարեց, որ չեն պատրաստվում աջակցել Հատուկ քննչական ծառայությանը՝ վերջիններիս տրամադրել նկարներ։
«Քննչական մարմինը ներգրավե՞լ է իրեն որպես տուժողի իրավահաջորդ, նախաքննության պրոցեսներին մասնակից դարձրե՞լ է. ծանոթացրե՞լ է իր կողմից կատարված գործողություններին, և կամք ցո՞ւյց է տվել, որ ինքը ցանկություն ունի մահվան հանգամանքները պարզելու, որ Հեղինե Պետրոսյանի մոտ էլ առաջանա մտայնություն, որ իրապես ինքը աջակցի նախաքննչական գործողությանը։ Չկա այդպիսի բան: Մենք ավելի շատ հակված ենք մտածելու, որ նրանք կարող են փաստերը խեղաթյուրել»։

Հավելեմ, որ լրագրողների հետ հանդիպմանը հրավիրված էին նաև Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները։ Վերջիններս , սակայն, հրավերը չեն ընդունել՝ « նախաքննություն է ընթանում» պատճառաբանմամբ: 

Ցուցադրել ավելի
Back to top button