Հասարակություն

Առողջապահության նախարարի որոշումը կբերի մասնավոր ծննդատների թվի ավելացմանը, ասում է սոցիոլոգը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Առողջապահության նախարարի հրամանը, որի համաձայն` մայիսի 1-ից մարզաբնակ կանայք այլևս չեն կարող անվճար ծննդաբերել Երևանում, ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, առաջադրում է մի շարք սոցիալական հարցեր: Առողջապահությունն այդ քայլով մասնակիորեն մասնավորեցվում է, ինչը մի կողմից լավ է, սակայն մյուս կողմից պատնեշ է ստեղծում բուժօգնության համար։
Սոցիոլոգը համոզված է` այս քայլը կբերի մասնավոր ծննդատների թվի ավելացմանը: Իսկ մինչ այդ` կնոջ համար Երևանում ավելի հեշտ է լավ մասնագետ գտնել, քան իր մարզի ծննդատանը:
Ահարոն Ադիբեկյանը կիսում է բոլոր այն տեսակետեր, որ առողջապահության նախարարությունը պետք է նախևառաջ մարզային ծննդատները համալրեր նույն չափով, որքան մայրաքաղաքում: Ունևոր խավի համար նոր սահմանված 107 հազար դրամն առանձնապես խնդիր չէ: Խնդիրները համեստ խավի համար են, ովքեր պետք է բավարարվեն մարզային բուժհաստատությունների պայմաններով։
Ահարոն Ադիբեկյանի փոխանցմամբ` հանրապետությունում 65 ծննդատուն կա, որոնցից 10-ը` Երևանում: Հայաստանում տնային ծնունդների, մայրական եւ մանկամահացության դեպքերը վերջին տարիներին էականորեն նվազել են, սակայն ծնունդների թիվը դրանից չի ավելանում. վկայակոչելով սեփական դիտարկումները` ընդգծում է սոցիոլոգը` միաժամանակ շեշտելով` անհանգստացնող երեւույթներ, այնուամենայնիվ, կան:
Այս համատեքստում  Ադիբեկյանը կարծիք հայտնեց, որ ամեն դեպքում վճարովի ծննդօգնությունն էլ իր դրական կողմերն ունի` գումարը տալիս ես, սպասարկվում ավելի բարձրակարգ, հետո էլ ունեւորների հաշվին բուժհաստատությունների եկամուտներն են ավելանում:
Թե իրականում նոր որոշմանն ինչպես են վերաբերում կոնկրետ մարզաբնակ կանայք, սոցիոլոգը դիտարկումներ չունի, դժգոհություններից էլ առանձնապես տեղյակ չէ,  սակայն մի շարք խնդիրների առաջադրումից բացի` հակված չէ հարցի բացասական կողմերը փնտրել:
Ավելին` վստահ է, որ վատ պայմանները չեն կարող լինել քիչ երեխա ունենալու հիմնական պատճառ. եթե կինն ուզում է երեխա ունենալ, կունենա: Ծնունդների խթանման բոլոր ծրագրերը մի կողմ թողած` Ադիբեկյանն այսօր համոզմունք հայտնեց, որ ավելի շատ երեխա ունենալուն կնպատի կոնկրետ ֆինանսական բարձր օժանդակության տրամադրումը եւ մինչեւ չափահաս դառնալը երեխայի հարցերը հոգալը:

Ցուցադրել ավելի
Back to top button