

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Հունիսի 5-8-ը Թբիլիսիում տեղի ունեցավ Թուրքագիտական հետազոտությունների ծրագրի չորրորդ գիտաժողովը, որին մասնակցում էին ավելի քան 80 գիտնականներ՝ մոտ 15 երկրներից: Այս հավաքը նախաձեռնել էր ԱՄՆ Յութայի համալսարանը:
Գիտաժողովի մասնակիցների թվում էին «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը և Կալիֆորնիայի համալսարանի դասախոս, պատմաբան Կարապետ Մումջյանը։
Գիտաժողովը չի առնչվել հայ-թուրքական հարաբերություիններին և հնչած 71 զեկույցներից միայն մեկն էր Հայոց ցեղասպանությանը վերաբերվում: Այս հանգամաքը, ըստ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանի, վկայում է որ հավաքը առաջին հերթին գիտական ուղղվածություն ուներ:
Միևնույն ժամանակ՝ նա չբացառեց, որ գիտաժողովի հովանավորները հետապնդում էին գիտական շրջանակներում Մեծ եղեռնի իրողությունը ևս մեկ անգամ հերքելու նպատակ։
Քաղաքագետը նշեց, որ անհրաժեշտ է անցում կատարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արշավից դեպի պահանջատիրություն` իրավական ճանապարհով:
Գիտաժողովին մեկ այլ մասնակից Կալիֆորնիայի համալսարանի դասախոս, պատմաբան Կարապետ Մումջյանը իր հերթին նշեց, որ մոտակա տարիներին՝ Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ, հենց հատուցումը պետք է դառնա հայության պայքարի թիրախը:
Ամերիկահայ գիտնականը կարծում է, որ հարցը կարիք ունի դիվանագիտական և իրավական լուծումների` չշրջանցելով նաև գիտական ասպարեզը:
Կարապետ Մումջյանը նշեց, որ դատական լսումները պահանջում են երկարատև և ծավալուն նախապատրաստական աշխատանք, որի անհրաժեշտությունը այսօր ավելին քան հրատապ է: