Քաղաքական

Տ. Սարգսյան. Երկու երկրներին կհաջողվի համատեղ ջանքերով էլ ավելի ամրապնդել երկկողմ միասնականությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը:  

Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ներկաներին տոնական օրվա կապակցությամբ՝ վարչապետը Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել է խաղաղություն և երջանկություն:

«Բարի ավանդույթի համաձայն, այս օրը, բարեկամների շրջապատում, մենք նշում ենք այս երիտասարդ, սակայն կարևոր տոնը, որը կապված է ռուսական պետության նորագույն պատմության շրջադարձային իրադարձությունների հետ: Մեր ժողովուրդների կողմից պատմական ընտրություն է կատարվել՝ հօգուտ քաղաքացիական հասարակության կառուցման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և երկրի արդիականացման: Դրա համար այս տոնն ասոցացվում է այն հիմնարար փոխակերպումների հետ, որոնք տեղի ունեցան ողջ ռուս հասարակության քաղաքական, տնտեսական և հոգևոր կյանքում՝ նոր, ժամանակակից Ռուսաստանի կառուցմամբ:

Ռուսաստանի օրը տոն է, որը միավորում է այդ երկրի բոլոր քաղաքացիներին՝ տարբեր սերունդների և տարբեր ազգային մշակույթների: Սա յուրաքանչյուր քաղաքացու տոն է, որը հասկանում է, որ երկրի հաջողությունը կախված է նաև իր անձնական ջանքերից:

Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ անցած երկու տասնամյակների ընթացքում մեզ ոչ միայն հաջողվել է պահպանել դարավոր եղբայրական և բարեկամական կապերը, այլև ամրապնդել այն հիմքը, որի հիման վրա հայ-ռուսական հարաբերությունները վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության մակարդակով: Կարևոր է, որ մեր հարաբերությունները տարեցտարի ընդլայնվում են՝ շնորհիվ տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում իրականացվող նոր նախաձեռնությունների:

Մեր հարաբերությունների առաջանցիկ զարգացումը հնարավոր է դարձել ոչ միայն բարձր մակարդակի փոխադարձ վստահելի երկխոսության, այլև այն նախաձեռնությունների և առաջարկությունների շնորհիվ, որոնք գալիս են մեր երկրների հասարակ քաղաքացիների կողմից»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ունենալով նման ընդարձակ հասարակական աջակցություն՝  երկու երկրներին կհաջողվի համատեղ ջանքերով էլ ավելի ամրապնդել երկկողմ միասնականությունը: Որպես երկու պետությունների առաջընթացի կարևոր նախապայման՝ Տիգրան Սարգսյանը նշել է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button