ԿարևորՔաղաքական

Տարոն Մարգարյանը երդվեց (տեսաշար)

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Երևանում քաղաքապետարանում հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, կաթողիկոսի և քաղաքական տարբեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիսավոր պայմաններում այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու հատուկ նիստ, որի ժամանակ երդվել է նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետը պարտավորվել է հոգ տանել հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները: «Համեստ, ազնիվ, մարդամոտ և Երևանի պրոբլեմներով մտահոգ քաղաքապետ»,- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսպես է բնութագրել Տարոն Մարգարյանին:

« Բոլոր ընտրություններից հետո գալիս են պատասխանատվության ու տքնաջան աշխատանքի պահերը: Ես համոզված եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի Տարոն Մարգարյանն ու իր թիմակիցները ավելացնեն իրենց եռանդը, ջանքերը, որպեսզի լուծեն բոլոր խնդիրները»,- նշել է Սերժ Սարգսյանը: Երևանի ավագանու հատուկ նիստին չնայած հրավիրված է եղել, սակայն, չի մասնակցել «Բարև Երևան» խմբակցությունը:

Երևանի նորընտիր ավագանու 59 անդամի, հանրապետության նախագահի, վարչապետի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների ներկայությամբ, այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանը երդվեց. «Ստանձնելով մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը երդվում եմ, Երևանի քաղաքպետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, Ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների»:

Տարոն Մարգարյանը պարտավորվեց հոգ տանել հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին խոստացավ Երևանի նորընտիր քաղաքապետը:
«Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»:

«Համեստ, ազնիվ, մարդամոտ և Երևանի պրոբլեմներով մտահոգ քաղաքապետ»,- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսպես բնութագրեց Տարոն Մարգարյանին: Հենց այս արժանիքների համար էլ երանիցիների մեծ մասը վստահեց Տարոն Մարգարյանին: «Բոլոր ընտրություններից հետո գալիս են պատասխանատվության ու տքնաջան աշխատանքի պահերը: Ես համոզված եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի Տարոն Մարգարյանն ու իր թիմակիցները ավելացնեն իրենց եռանդը, ջանքերը, որպեսզի զարգացնեն այն որակները, ինչի մասին ես հիմա ասեցի: Լուծեն բոլոր խնդիրները: Երևանում չկան անլուծելի և լուծելի խնդիրներ, կան դժվար լուծվող և աշխատանքով լուծվող խնդիրներ»:

Երկրի ղեկավարը նշեց, որ եթե Տարոն Մարգարյանը, Երևանի ավագանին շարունակեն վայելել երևանցիների վստահությունը, ապա նրանք շատ բան կարող են անել: Նախագահը հիշեցրեց, թե ինչպես 90-ական թվականների սկզբներին բազմաբնակարան շենքերի բակերում բազմաթիվ ավտոտնակներ տեղադրվեցին, մարդիկ սկսեցին խաղահրապարակենրը բանջարանոցների վերածել, ժամանակ անցավ, Երևանի իշխանությունները ժամանակ ու հնարավորություն ունեցան զբաղվելու այդ խնդրի լուծմամբ. «Այնուհանդերձ այդ աշխատանքը չէր ստացվում, որովհետև մարդիկ մտածում էին, որ եթե հանեն այդ ավտոտնակը, ապա դրա փոխարեն մի պետական պաշտոնյա կամ մի մեծահարուստ իր ավտոտնակը պետք է այդտեղ տեղադրի, բայց փառք ու պատիվ Երևանի քաղաքապետին և ավագանուն, որ կարողացան տքնաջան աշխատանքի շնորհիվ, նորից շահել երևանցիների վստահությունը: Եվ նրանց օգնությամբ և օժանդակությամբ արդեն հարյուրավոր բակեր վերադարձվել են իրենց օրինական տերերին՝ բնակիչներին ու երեխաներին:

Սերժ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ ապագա չորս տարիների ընթացքում Երևանում չի լինելու անբարեկարգ բակ, որովհետև գործընթացը շարունակվում է, որովհետև գնալով Երևանի քաղաքապետարանն ավելացնելու է սեփական միջոցների հավաքագրումը, գնալով պետության կողմից տրվող միջոցները ավելանալու են, ուստի այս պարագայում այդ խնդիրը կարելի է գրեթե լուծված համարել:

Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հոգեկան անհուն ուրախությամբ և քրիստենակական սիրով ու ոգով ողջունեց Տարոն Մարգարյանի՝ Երևանի քաղաքապետ վերընտրվելու առթիվ: Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հիշեց, թե ինչպես Տարոն Մարգարյանի առաջին երդմնակալության ժամանակ հանարպետության նախագահ ասել էր, որ Տարոն հուսախաբ չանես.«Եվ ահավասիկ մեկուկես տարի անց մենք կարող ենք վստահորեն արձանագրել, որ մշակն իր վարձքին արժանի է»:

Տարոն Մարգարյանի երդմնակալությանը ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև նախկին քաղաքպետերից մի քանիսը: Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Տարոն Մարգարյանի աշխատանքային տարիներից գոհ է, նա քաղաքի բարեկարգման աշխատանքներին նայում է մասնագետի աչքով, տեսնում է այն, ինչ չենք տեսնում մենք ՝լրագրողներս.«Օրինակ սոցիալական հարց է լուծվում Աջափնյակ համայքնում, շենք է կառուցվում, ապագայում շենքերից բնակիչներին տեղափոխելու հետ կապված, չի մեկնաբանվում, շատ լավ հարց է, դա պետք է ներկայացվի»:
Հավելեմ, որ Երևանի ավագանու հատուկ նիստին չնայած հրավիրված էր, սակայն, չէր մասնակցում «Բարև Երևան» խմբակցությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button