ԿարևորՔաղաքական

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդի գործով ՍԴ նիստը հետաձգվեց

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Սահմանադրական դատարանն այսօր պետք է գրավոր ընթացակարգով քննության առներ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա գործը: Գործով զեկուցող, ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի միջնորդությամբ, սակայն, դատական նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 16-ը: Ըստ ՍԴ անդամի` գործով լրացուցիչ փաստաթղթերի, հատկապես` միջազգային փորձի, ուսումնասիրության անհրաժեշտություն կա:

ՍԴ այսօրվա նիստին մասնակցում էին բարձր ատյանի բոլոր 9 անդամները: Նրանք պետք է քննարկեին Ժառանգություն կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա քննության ընդունված գործը: Լրացուցիչ ուսումնասիրությունը կարող է օգնել առավել օբյեկտիվ որոշում կայացնելուն` կարծիք հայտնեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Հաշվի առնելով ՍԴ ծանրաբեռնվածությունը եւ արդեն նշանակված գործերի առկայությունը, որոշվեց գործի քննությունը նշանակել հուլիսի 16-ին:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից վիճարկվող Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը հնարավորություն է տալիս որպես ընտրական շտաբի ցուցանակ օգտագործել քարոզչական բնույթի պաստառները, այդ թվում` թեկնածուի անուն ազգանունով և կարգախոսով: Ավելի հստակեցնելով` ասենք, որ հոդվածով սահմանված է, որ ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, կուսակցությանը (կուսակցության դաշինքին) կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, ինչպես նաեւ` եթե դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, և յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը:

Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրել է նաև ՀՀ Սահմանադրության նույն հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով Նախագահի թեկնածուներին հնարավորություն է տալիս ընտրական շտաբի համար տարածքների վարձակալման գումարը (շուկայական արժեքը), ինչպես նաև դրանց վրա որպես ցուցանակ օգտագործվող քարոզչական բնույթի պաստառների պատրաստման (տեղադրման) ծախսերը չներառել այն ծախսերի մեջ, որոնց համար օգտագործվում են միայն նախընտրական հիմնադրամի միջոցները: Վիճարկվող դրույթն ամրագրում է, որ թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ԶԼՄ-ներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի, ներառյալ` տպագիր, պատրաստման ֆինանսավորման համար օգտագործում են միայն նախընտրական հիմնադրամի միջոցները: ՍԴ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանը քննության հետաձգումը ճիշտ համարեց:

Ինչ վերաբերում է գրավոր ընթացակարգով քործը քննելուն. Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցչի խոսքով` իրենք առարկություն այստեղ չունեն, քանի որ դա դատարանի որոշումն է, իսկ բանավոր ընթացակարգով քննելու անհրաժեշտություն իրենք նույնպես չեն տեսնում:

Back to top button