ԿարևորՔաղաքական

Միջազգային դպրոցը, տիեզերական մեծությունը եւ ՀՀ ԱԺ- ն (լրացված)

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովն այսօր շարունակել է Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային ու մաքսային արտոնություններ տրամադրելու մասին կառավարության ներկայացրած օրինագծի բուռն քննարկումը: Գործադիրն առաջարկում է Դիլիջանում ռուսատանահայ գործարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ կառուցվելիք դպրոցին արտնություններ տալ ապրանքներ ներմուծելու, գույք ձեռք բերելու  եւ ծառայություններ ստանալու համար:
Միջազգային չափանիշներին համապատասխանող   ավագ դպրոց կառուցելու եւ շահագործելու  ծրագրի ընդհանուր արժեքը մոտ  550 մլն դոլար է,  որից 150 մլն-ը  նախատեսվում է ներդնել դպրոցի շենքի կառուցման,  անհրաժեշտ գույքի ձեռքբերման, իսկ շուրջ 400 մլն  դոլարը` գործառնական ծախսերի ու դպրոցի հետագա զարգացման մեջ: Ծրագրի շրջանակներում 20 մլն ներդրում արդեն իրականացվել է:

Խորհրդարանական քննարկման ժամանակ քննադատության թիրախ դարձել է հատկապես ներդրումների իրականացման ծրագրի ու ժամանակացույցի բացակայությունը:
«Մարդիկ մեզնից փող են ուզում, չեն էլ ասում ինչի համար: Ո՞վ է տեսել առնվազն 80 մլն դոլարի արտոնություն ուզեն ու չասեն՝ ինչի համար. ծրագիր չկա»,- ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Ծրագիր չլինելը ոչ միայն  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի , այլ նաև ԱԺ մյուս ընդդիմադիրների մտահոգությունն էր:
Պատգամավորներին պարզ չէր, թե  ինչ քայլերով է  իրականացվելու մոտ 600 մլն դոլար արժեք ունեցող ծրագիրը: Բագրատյանի կարծիքով ` խորհրդարանն  իրավունք չունի օրենք ընդունել՝ չիմանալով ինչի մասին:
«Չի կարող չլինել ծրագիր, չեն կարող չլինել պարամետրեր, սկիզբ, վերջ և ընթացք: Մենք հո տիեզերական անվերջ մեծությունների հետ գործ չունենք նման արտոնություններ տրամադրելիս»:
«Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանին այլ բան էր մտահոգում. շատ է խոսվել է, օրինակ, սահմանամերձ գյուղերին հարկային արտոնություններ տրամադրելու մասին, կառավարությունը, սակայն,  դրան չի գնացել՝ պնդելով հարկային հավասար պայմանների անհրաժեշտությունը:

«Այդ գյուղացին այսօր միայն իր սահմանին ապրելով ավելի շատ է մեր պետության պաշտպանությանը մասնակցում, քան՝ այն դպրոցը, որը չգիտենք, թե ինչ է լինելու, քանի որ չունենք ծրագիր ու ժամանակացույց»:

Հարկային քաղաքականության համար պատասխանատու է կառավարությունը,  և եթե գործադիրը  պարտավորություն է վերցնում, որ սա բյուջեի և երկրի համար լավ նախագիծ է, ապա պարտավոր ենք պաշտպանել այդ նախաձեռնությունը. սա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հիշեցումն էր կառավարության նախաձեռնությունը քննադատող պատգամավորներին:
ԱԺ նախագահը համոզված է, որ  ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կնպաստեն Դիլիջանում աշխատատեղերի ստեղծմանը և սոցիալական վիճակի բարելավմանը:
Ի դեպ՝ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում մոտ 350 մլն դոլար ներդրում է արվել, այս ծրագրով փաստորեն 1.5 անգամ ավելի է նախատեսվում, քան նախորդ ողջ տարվա ընթացքում:

ԱԺ նախագահը   համաձայն էր, որ նախագիծը թերի է ծրագրի բացակայության մասով, բայց համաձայն չէր մերժողական վերաբերմունքին ու քննադատության չափին: Վերջին հաշվով,  ներդրումներ անելու համար  Հայաստանում հերթ դեռ չի գոյացել, հիշեցրեց  Աբրահամյանը։

«Երբ որ մեզ մոտ ներդրումների հերթ կլինի, այն ժամանակ կնստենք և կքննարկենք՝ տա՞նք արտոնություն, թե՞ չտանք»:

Քննադատության չափից զարմացած էր նաև ՀՀԿ-ն ներկայացնող Արտաշես Գեղամյանը:

«Մի պահ պատկերացրերցի, որ եթե  այս դահլիճում  լիներ հարգարժան, շնորհաշատ բիզնեսմեն Ռուբեն Վարդանյանը, կթքեր կհեռանար»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համոզված էր հակառակի մեջ։ «Ես ձեզ երաշխավորում եմ, այնպիսի կայացած մարդ , ինչպիսին Ռուբեն Վարդանյանն է, եթե այստեղ լիներ ոչ թե կթքեր կհեռանար, այլ կհարգեր իր հայրենիքի խորհրդարանը»:
Կրթության մեջ ներդրումը չի կարող չխրախուսվել, ասաց դաշնակցական պատգամավորը՝ ամփոփելով , որ  ընդդիմության քննադատությունն ուղղված է ոչ թե բովանդակությանը , այլ՝ վերաբերմունքին: Խորհրդարանը, ըստ  նրա, պարտավոր է տեղեկացված լինել բոլոր մանրամասներին, իսկ կառավարությունը պարտավոր է մանրամասն ծրագրով փարատել բոլոր կասկածները:
Աղվան Վարդանյանը խմբակցության անունից կառավարությանն առաջարկեց հետաձգել քննարկումը, մանրակրկիտ ուսումանսիրել խնդիրն ու նոր միայն օրենքով ամրագրել արտոնությունները:
«Ժառանգությունը» նույնպես հետաձգման կոչ արեց. Ռուբեն Հակոբյանն առաջին ընթերցմանն ասաց դեմ են քվերակելու, մինչ երկրորդ ընթերցում եթե ծրագիր ներկայացվի ՝ հնարավոր է փոխեն դիրքորոշումը:
ՀԱԿ-ը նույնպես այս տեսքով նախագծին դեմ էր՝ շեշտելով հատկապես   ծրագրի կրթական բաղադրիչի անորոշությունը:
Ամեն ինչին չափ ունի՝ քննարկումը Հանրապետականի դիրքերից ամփոփեց  Վարդան Այվազյանը:  Ասաց, որ կառավարությանը գովերգողներից չէ, պետք եղած դեպքում քննադատում է, բայց սա այդ դեպքը չէ: Ներդրումների խնդիրը, ըստ նրա,  օրհասական է Հայաստանի համար, այդ ֆոնին  հնչող քննադատությունը հանրապետական գործչին զավեշտ է հիշեցնում:
«Լավ, հասկացանք ընդդիմություն եք , բայց ամեն ինչին չի կարելի դեմ լինել: Արդեն անհասկանալի է դառնում: Հստակ գործողության ծրագիր կա, այո, Հայաստանի Հանրապետության նախագահի և մեծամասնության ծրագիրն ա,  ով էս երկիր 100 մլն դոլարից ավելի  ներդրում է բերում, պիտի արտոնություն ունենա: 550 մլն դոլար ա բերում, երկրորդին ցույց տվեք»:

Օրինագիծը, որ կառավարությունն առաջարկում է հատուկ ընթացակարգով ընդունել, այսինքն՝ երկրորդ  ընթերցմամբ քվերակությունը կազմակերպել առաջինից հետո 24 ժամվա ընթացքում, առաջին ընթերցմամբ կքվերակվի վաղը:

Back to top button