ԿարևորՔաղաքական

Բարեւ Երեւան.«Մեզանից յուրաքանչյուրը լինելու է երևանցու լրտեսը Երևանի քաղաքապետարանում»

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Մեզանից յուրաքանչյուրը լինելու է երևանցու լրտեսը երևանի քաղաքապետարանում: «Բարև Երևան» խմբակցության 6 հոգանոց թիմը ջարդելու է Երևանի ավագանու միաձայն որոշումներ ընդունելու ավանդույթը»,-այսօր վստահեցրել են Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները: Նշենք, որ նրանք չեն մասնակցել Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը: Իսկ Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տեղափոխվել է «Ժառանգություն» կուսակցության գրասենյակ:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունն այսօր չի մասնակցել Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը: Նույն ժամին խամբակցությունը մամուլի ասուլիս էր հիավիրել Ազատության հրապարակում, որտեղ ներկա էին լինելու քաղաքապետարանի տարբեր տարիների, խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի բնորոշմամբ, ապօրինի գործունեության հետևանքով տուժած քաղաքացիներ: Անձրևը, սակայն, փոխեց նախատեսված ծրագիրը և դաշինքի անդամները երդմնակալության արարողությանը չմասնակցելու իրենց որոշումը ստիպված էին հիմնավորել «Ժառանգություն» կուսակցության նեղլիկ գրասենյակում:

«Զանգվածային խախտումներով իրականացված Երևանի ավագանու ընտրությունների արդյունքը մենք, բնականաբար, ճանաչել չենք կարող, բայց անելու ենք այն, ինչ հնարավոր է անել ձեռք բերած վեց մանդատի շնորհիվ»,-ասում է«Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը` ներկայացնելով խմբակցության առաջիկա անելիքները:

«Մեզանից յուրաքանչյուրը լինելու է երևանցու լրտեսը երևանի քաղաքապետարանում: «Բարև Երևան» խմբակցության 6 հոգանոց թիմը ջարդելու է Երևանի ավագանու միաձայն որոշումներ ընդունելու ավանդույթը»,- վստահեցնում են Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները, որոնք լրագրողներին խոստանում են` ամեն ամիս ներկայանալ հաշվետվությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button