ԿարևորՏնտեսական

Աշոտ Հովհաննիսյան. Հանրապետությունում կաթի արտադրության ծավալներն ավելացել են

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

Հանրապետությունում կաթի արտադրության ծավալներն ավելացել են, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է գյուղնախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Դա կանդրադառնա կաթի մթերման և արդեն վերամշակված կաթնամթերքի գնի վրա: Աշոտ Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ժամանակին մեծ աղմուկ հանած ոչխարների արտահանման խնդրին: Նա ուրախությամբ նշել է, որ ժամանակին գյուղնախարարության կանխատեսումը, թե արտահանումը կխթանի ոչխարաբուծության զարգացումը, արդարացավ:

Արդեն երկրորդ ամիսն է` հանրապետությունում կաթի արտադրության ծավալները կտրուկ ավելացել են, տեղեկացրեց գյուղնախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Նրա խոսքով` հունիսին մայիսի համեմատությամբ մեկ օրվա կտրվածքով արտադրվում է 800 տոննա ավել կաթ:

Նա չհամաձայնեց դիտարկմանը, թե կաթնամթերքը հանրապետությունում թանկացել է հունվարից: Ընդամենը մայիս ամսից, ընդ որում` որոշ վերամշակող ձեռնարկությունների կողմից ու որոշ կաթնամթերքի նկատմամբ, ասաց ու առաջարկեց հարցին նաև այլ կերպ նայել:

Բայց հիմա հումքի ծավալներն ավելացել են, էժան գնելու դեպքում վերամշակողները պետք է վերանայեն ապրանքի գները: Այստեղ անելիք ունի նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Ի դեպ, նա շուկայում կաթնամթերքի էժանացման միտումներ արդեն նկատել է: Լրագրողների հետ հանդիպման գալուց առաջ նա խանութում ճշտել է` վերջին երկու օրերի կտրվածքով` մեկ-երկու ընկերություն թթվասերը, մածունը, կաթը էժանացրել են 10 դրամով:

Ժամանակին մեծ աղմուկ բարձրացրած ոչխարների արտահանման խնդրի մասին: Աշոտ Հովհաննիսյանն այսօր ուրախությամբ փաստեց, որ գյուղնախարարությունը չսխալվեց իր կանխատեսումներում և ոչխարների արտահանումը ոչ թե դեֆիցիտ առաջացրեց, այլ խթանեց հանրապետությունում ոչխարաբուծության զարգացումը: Նրա խոսքով` վերջին տարիներին Հայաստանում ոչխարների գլխաքանակի կտրուկ աճ է արձանագրվել` շուրջ 300 հազարով, իսկ միայն անցած տարի` 85 հազարով:

Անցած տարի արտահանման ծավալները նվազեցին` կապված Իրանի ազգային արժույթի արժեզրկման հետ: Արտահանվեց ընդամենը 61 հազար գլուխ ոչխար, այն դեպքում, երբ 2011-ին արտահանվել էր 150 հազար գլուխ: Հիմա հարևան երկրի տնտեսությունը կայունացման է գնում և իրանցի գործարարներն էլ ժամանել են Հայաստան` արտահանումը կազմակերպելու համար: Ի դեպ, այս տարի արդեն արտահանվել է 30 հազար գլուխ ոչխար: Գյուղնախարարությունում հույս ունեն ծավալներն ավելի ընդլայնել ու հասնել նախորդ ու հաջող տարիների արտահաման ծավալներին:

Որոշ գլխաքանակ Հայաստան է ներկրվում, ապա Իրան արտահանվում Վրաստանից: Դա չի գերազանցում 20-30 հազար գլուխը: Իրանցի գործարարները, սակայն, նախընտրում են Հայաստանում բուծված ոչխարները, որոնք աչքի են ընկնում իրենց որակական հատկանիշներով, մեծ է նաև անասունների կենդանի զանգվածը` 40-50 կիլոգրամ, մինչդեռ Վրաստանում բուծվող ոչխարներինն ընդամենը 30-35 կգ է, վստահեցրեց գյուղնախարարության ներկայացուցիչը: Նշենք, որ Հայաստանից ոչխարներն արտահանվում են հիմնականում Իրան, քիչ ծավալով` մոտ 2-3 հազար գլխաքանակով Քուվեյթ ու Արաբական Միացյալ էմիրություններ: Նոր շուկաների որոնումը շարունակվում է: Արդեն կա պայմանավորվածություն Իրաքի գյուղնախարարության հետ: Հայկական ոչխարներ կարող են արտահանել նաև իրաքցի գործարարները:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button