ԿարևորՄշակույթ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոնսերատ Կաբալիեին

Յունիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյէին` ուղեկցութեամբ ՀՀ Մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանի:

Վեհափառ Հայրապետը ողջունեց Մոնսերատ Կաբալյէի այցը համայն հայութեան հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` նշելով, որ նրա ներկայութիւնը մեծ խանդավառութիւն ու ոգեւորութիւն է առաջացրել հայ ժողովրդի զաւակների մօտ, ովքեր առանձնակի սէր ունեն երաժշտութեան հանդէպ:

Խօսելով Հայաստան կատարած այցելութիւնից ստացած իր տպաւորութիւնների մասին` Մոնսերատ Կաբալյեն իր հերթին նշեց, որ այս այցելութիւնն իր համար ուխտագնացութիւն է` Հայաստանն անուանելով քրիստոնէական հաւատի բաց սիրտը:

Ջերմ զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց նաեւ Հայոց Եկեղեցու պատմութեանը, հայ ժողովրդի կեանքում Եկեղեցու դերակատարութեանը, հայ հոգեւոր երաժշտութեանը եւ մարդկութեան կեանքում քրիստոնէական հաւատի ու արժէքների կարեւորութեանը: Կարեւորուեց նաեւ երկու ժողովուրդների միջեւ պատմականօրէն ձեւաւորուած ջերմ յարաբերութիւնների ամրապնդումն ու զարգացումը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերեց աշխարհահռչակ երգչուհուն:

Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ, հրատարակչական բաժնի տնօրէն Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, ում ուղեկցութեամբ տիկին Կաբալյեն այցելեց նաեւ Մայր Տաճար եւ Մայր Աթոռի թանգարաններ:

Ցուցադրել ավելի
Back to top button