ԿարևորՀասարակություն

Սեյրան Օհանյան.«Կարգապահական իրավիճակը բանակում մոտ 40 տոկոսով բարելավվել է»

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Տավուշի մարզ
Երեւան

Այսօր մեկնարկեց գարնանային զորակոչը, տղաների նոր հերթափոխը գնում է համալրելու հայոց բանակի շարքերը, բանակ, որն անկախության շրջանի մեր ամենամեծ ձեռքբերումն է: Այս հարցում թերահավատները գոնե մեկ անգամ պիտի լինեն առաջնագծում, տեսնեն այն աշխատանքը, որն իրականացվում է այնտեղ մեր ամենօրյա փխրուն խաղաղությունը պահպանելու համար: Տավուշի մարզի հյուսիսարևելյան հատվածի առաջնագծում ենք: Մարտական հերթահպահություն իրականացնող տղաների համար խաղաղոթյուն ասվածն այստեղ խիստ հարաբերական է, ընդամենը 350 մետր հեռավորության վրա գտնվող հակառակորդի կողմից հնչած կարկոցներն անընդհատ են, նրանց արկածախնդիր հնարքներին դիմակայելու համար մշտական զգոնությունը պարտադիր է:

Իրականում հենց առաջնագծում ես հասկանում, որ 19 տարի պահպանվող մեր խաղաղաության համար լուրջ գին է վճարվում, երբեմն դա մարդկային կյանք արժե: Եվ եթե հակառակորդի գնդակից զոհված հայ զինվորի մահը հասարակությունն ավելի հեշտ է մարսում, ապա յուրայինի կրակոցները մեծ խոռոչ են բացում ողջ հասարակության սրտում: Բայց բանակային իրականության մեջ, որքան էլ ցավալի է արձանագրել, նման դեպքերն էլ անխուսափելի են համարվում:

Տավուշի մարզի հյուսիսարևելյան հատվածի առաջնագծում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ բանակային միջադեպերի առաջին պատճառը զենքի հետ անզգույշ վերաբերմունքն է, ապա` միջանձնային հարաբերությունները: Վերջին տարվա ցուցանիշները փաստում են, որ կարգապահական իրավիճակը բանակում մոտ 40 տոկոսով բարելավվել է, բայց, ինչպես նշում է նախարարը, վիճակագրությունը հանգստացնել չի կարող, քանի որ մեկ մարդկային կորուստն էլ ցավ է:

Որ Նոյեմբերյանի թիվ Ն զորամասը լավագույններից մեկն է, կարող ենք փաստել այն մի քանի տասնյակ լրագրողներս, ովքեր նախարար Օհանյանի հետ միասին օրերս հենց այս զորամասում էինք: Այստեղ էր ծառայում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանը, մայիսի 15-ին հենց այստեղ էր տեղի ունեցել ողբերգական միջադեպը`զինծառայողներից մեկի կրակած փամփուշտը խլել էր Լյուքսի կյանքը, ևս մի զինվոր վիրավորվել էր: Զորամասի հրամանատար Վահագն Աստարյանը մեզ ներկայացրեց այն պահակակետը, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը:

Սեյրան Օհանյանը բանակում արգելել է օգտագործել երկու նախադասություն`«բանակը հասարակության հայելին է» և «Յուրաքանչյուր բանակում էլ նման բան կատարվում է: «Այն, ինչ խնդիր է, պետք է լուծվի»,-ասում է` վստահեցնելով, որ մեղավորներն անպատիժ չեն մնում: Կրթադաստիարակչական ոլորտում պաշտպանության նախարարությունը վերջին տարիներին տեսական լուրջ աշխատանք է իրականացրել: Մեծ ուշադրություն է հատկացվել սպայական կազմի վերապատրաստմանը: ԶՈՒ զարգացման համատեքստում, ընդհանուր առմամբ, շեշտը դրվել է որակական աշխատաքի վրա, «որակն ընդդեմ քանակի», հայկական բանակը շարունակում է զարգանալ հենց այս ձևաչափով:

Ցուցադրել ավելի
Back to top button