Միջազգային

Իվանիշվիլին կփորձի փոխել վրացական խաղաղապահների առաքելության տեսակը

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»- Թբիլիսի

Թբիլիսիիում բողոքի ակցիաներ են տեղի ունենում Աֆղանստանից վրացական զորքերը դուրս բերելու պահանջով. Աֆղանստանում հերթական անգամ զոհվել են վրացի զինծառայողներ ահաբեկիչների հարձակման ընթացքում: Յոթ զինծառայողների մարմինները դեռ չէին տեղափոխվել Վրաստան, երբ YouTube-ում տարածվեց տեսահոլովակ Թալիբան շարժման անունից, որում սպառնալիք է հնչում ջիհադ սկսել Վրաստանի դեմ:
Երկրի ներկա ու նախկին իշխանություններն այս ամենում մեղադրում են միմյանց: Ներքին գործերի նախարարությունը այժմ փորձում է ճշտել, թե ով է իրականում տեսահոլովակի հեղինակը:
Իսկ մինչ այդ վրացի վերլուծաբան Գիորգի Խուցիշվիլին «Ռադիոլուրի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ վարչապետ Իվանիշվիլիի իշխանությունը կփոխի Աֆղանստանում վրացական զորքերի մասնակցության տեսակը:

Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով զոհված յոթ զինվորականների մարմինները երեկ տեղափոխվեցին Վրաստան: Վրացի զինվորականները ծառայություն էին իրականացնում անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) կազմում: Ծառայության սկզբից` 2009-ից Վրաստանն արդեն կորցրել է 29 զինվորական: 
«Վերջերս հաճախակիացել են վրացի զինվորականների դեմ հարձակումները և սա անհագստացնող է»,-ասում է վերլուծաբան Գիորգի Խուցիշվիլին` հավելելով, որ նոր իշխանությունը չի որոշել, որ այս քանակությամբ վրացի զինվորականները մեկնեն Աֆղանստան: |1545 զինծառայող այս փոքր երկրի համար քիչ չէ»,- նկատում է նա։

Խոսելով նաև օրերս համացանցում Թալիբան շարժման անունից հայտնված տեսահոլովակի մասին, որտեղ սպառնում են վրացի զինծառայողներին, նրանց ընտանքներին ու պատերազմը Վրաստանի տարածք տեղափոխել, վերլուծաբանը անդրադարձավ քաղաքական հիմնական ուժերի (Իվանիշվիլիի ու Սահակաշվիլիի գլխավորած կուսակցությունների) ներկայացուցիչների կողմից իրար դեմ հասցեագրվող մեղադրանքներին:
Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր ելույթում նույնիսկ հավանական է համարել, որ այդ տեսահոլովակները չեն պատրաստվել թալիբների կողմից։
«Դրանք պատվիրված ու պատրաստված են Վրաստանում` հետապնդելով հստակ քաղաքական նպատակներ»,- ասում է նա։
Իսկ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բարանովն ասել է, որ տեսահոլովակի տարածման հետևում կանգնած են այն ուժերը, որոնք ցանկանում են տապալել Վրաստանի պրոարևմտյան քաղաքական կուրսը:
Գեորգի Խուցիշվիլիի կարծիքով՝ վարչապետ Իվանիշվիլիի կառավարությունը շահագրգռված չէ մարդկանց շրջանում տարածել նման դժգոհություն` թե վատ է պահպանում իր զինվորի անվտանգությունը, սակայն, ըստ նրա, սա տեղավորվում է ընդդիմության (նախագահ Սահակաշվիլիի գլավորած կուսակցության) շահագրգռվածության շրջանակում:
«Ես հիմա չեմ կարող նրանց ուղղակիորեն մեղադրել, բայց որ ընդդիմությունը այս իրավիճակն օգտագործում է, սա փաստ է»,- ասում է զրուցակիցս։

Վերլուծաբանը չի բացառում, որ իրոք տեսահոլովակը թալիբներն են տարածել, սակայն հարցն ըստ նրա այն է, թե էլ ո՞վ է սրան մասնակից:
Խուցիշվիլիի կարծիքով՝ Իվանիշվիլիի կառավարությունը մինչ այժմ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացական զորքերի հարցին չէր անդրադառնում, քանի որ գտնվում էր դժվարին քաղաքական պայքարի մեջ։ Նախագահ Սահակաշվիլին ու նրա կողմնակիցները վարչապետ Իվանիշվիլիին մեղադրում էին երկրի արտաքին քաղաքական կուրսը փոխելու մեջ:
Խուցիշվիլին կարծում է, որ այս իրադարձությունների արդյունքում Իվաիշվիլիի կառավարությունը կորոշի վրացական զորքը աստիճանաբար կրճատել և ոչ թե հանել, եւԱֆղանստանում փոխել նրա առաքելության տեսակը։

Back to top button