Թուրքիայի ընդվզումները կարող են ուղղվել ազգային եւ կրոնական փոքրամասնությունների դեմ


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Թուրքիայում շարունակվող ընդվզումները վկայում են, որ այդ երկրի քաղաքական կյանքը անշրջելիորեն թևակոխել է նոր փուլ, այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Ըստ գիտնականի՝ Թուրքիայի քաղաքական կյանքում սկիզբ է առել նոր փուլ, որը կհանգեցնի հեռու գնացաղ հետևանքների: «Գեզիի» շարժումը վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը դաս մատուցեց՝ ստիպելով իշխանություններին հաշվի նստել հասարակության կարծիքի հետ:
Թուրքական այս իրադարձությունները փաստորեն նախորդում են հաջորդ տարի սպասվող նախագահական և տեղական ինքնակառավարման իշխանությունների ընտրություններին: Մինչ այդ պետք է ընդունվի այդ երկրի նոր Սահամանադրությունը, որը ուժեղացնում է նախագահական ինստիտուտի դերը:
Վերջին զարգացումները վկայում են, որ Էրդողանի նախագահական հավակնությունները կարող են չիրագործված մնալ, քանի որ նա զուրկ է հասարակությանը լսելու ունակությունից:
«Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմնակիցների մոտ օրերս նախանշված պատասխան հանրահավաքները Անկարայում և Ստամբուլում կարող են հանգեցնել անկանխատեսելի զարգացումների` Գեզիի ցուցարարների հետ հնարավոր բախումների պարագայում: Միևնույն ժամանակ՝ Սաֆրաստյանը նկատեց, որ այս բողոքական շարժմանը չեն մասնասկցում երկրի ազդեցիկ քաղաքական ուժերը:
Հաշվի առնելով պատմության դասերը՝ թուրքագետը չբացառեց, որ ներկայիս ընդվզումները կարող են ապագայում ուղղվել ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ, և վտանգը պետք չէ անտեսել: Սաֆրաստյանը նշեց նաև, որ Թուրքիայի հանրապետությանը այսօր չի սպառնում նոր հեղաշրջում, քանի որ բանակը որևէ հետաքրքրություն չի ցոցաբերել ներկա զարգացումների հանդեպ։