«Թեղուտ» ՓԲԸ-ում բնապահպանական ստուգումներ կանցկացվեն


2013 թվականի չորրորդ եռամսյակում «Թեղուտ» ՓԲԸ-ում վերջապես կիրականացվեն բնապահպանական ստուգումներ, ինչի մասին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գրություն է ստացել ՀՀ բնապահպանության նախարարությունից:
«Հույս ենք հայտնում, որ պետական իրավասու մարմինների կողմից ստուգումները կիրականացվեն օրենքի խիստ պահպանմամբ, հստակ սահմանված ժամկետներում և կձեռնարկվեն բոլոր միջոցները գործունեության օրինականությունը պարզելու և հայտնաբերված խախատումները վերացնելու ուղղությամբ:
Միևնույն ժամանակ Պաշտպանի աշխատակազմը շարունակելու է հետևողական լինել խնդիրների լուծմանը, ինչպես նաև հնարավորինս արդյունավետ կերպով արձագանքելու է բնապահպանների կողմից բարձրացված խնդիրներին:
Դեռևս 2013 թվականի մարտից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրում է Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» կողմից ներկայացված դիմումում բարձրացված խնդիրներն այն մասին, որ Թեղուտի հանքի ներկայիս շահագործումն իրականացվում է նոր, համապատասխան փորձաքննություն չանցած նախագծով, իսկ իրենց դիմումը ՀՀ բնապահպանության նախարարությանը բնապահպանական տեսչական ստուգումներ անցկացնելու պահանջով մնացել էր անպատասխան»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։