ԿարևորՀասարակություն

Թատերագետ.«Այսօրվա անորակ եւ բարոյազուրկ սերիալները նպաստում կրիմինալի հերոսացմանը »

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Կրիմինալի դրսևորումները կինոյում, թատրոնում և իրական կյանքում: Կրիմինալը որտեղ է ավելի շատ արտահայտված. Թեմայի մասին են այսօր խոսել արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ Լևոն Մութաֆյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևը: Եթե Լևոն Մութաֆյանը կարծում է, որ այսօրվա անորակ և բարոյազուրկ սերիալներն են նպաստում կրիմինալի հերոսացմանը և քրեականացնում հասարակությունը, ապա Ռազմիկ Խոսրոևը գտնում է, որ կրիմինալը որպես երևույթ եղել է դեռևս մինչև սերիալների ստեղծումը, իսկ սերիալներն իրականում արտացոլում են այն ինչ կա իրական կյանքում:

Կրիմինալն իբրև սոցիալական երևույթ մշտապես եղել է ինչպես թատրոնում, այնպես էլ գրականության մեջ սկսած անտիկ ժամանակներից: Ժամանակից արվեստում սակայն կիրմինալի արտացոլումը սխալ է ընկալվում և թատերագետ Լևոն Մութաֆյանը կարծում է, որ պատճառը այդ կրիմինալի մատուցման մեջ է, հատկապես սերիալներում:

Կրիմինալը որպես երևույթ բնականաբար կա մեր իրականությունում և այն կա ցանկացած հասարակության մեջ, սակայն այն ինչ ներկայացվում է սերիալներում իրականությանը չի համապատասխանում, քանի որ չի կարող լինել ամբողջապես քրեականացված հասարակություն, ասում է Մութաֆյանը` նկատելով, որ հենց այդտեղից էլ ձևավորվում է հասարակական վերաբերմունքը և դաստիարակության սխալ ուղղվածությունը: Արդյունքում հերոսը դառնում է հակահերոս և հակառակը. մի բան, ինչին այսօր ականատես ենք դառնում ոչ միայն սերիալներում, այլև իրական կյանքում, ընգծեց թատերագետը:

Այն որ քրեական հոգեբանությունը մեր հասարակության մեջ արմատացած է, Մութաֆյանի հետ համամիտ է նաև ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևը: Միայն թե նա համամիտ չէ այն կարծիքի հետ, թե քրեականությունը ծնվում է սերիալներից: Ճիշտ հակառակը. Սերիալներն իրականում արտացոլում են իրականությունը, որն արդեն իսկ քրեականացված է:

«Ռադիոլուր»-ի հարցին, թե որտեղից է գալիս սխալը, հասարակությունն է սիրում կրիմինալ նայել, թե՞ սերիալների ռեժիսորներն են միայն դա ցուցադրելով` ստեղծում պահանջարկ, Լևոն Մութաֆյանը պատասխանեց: «Մատուցման ձևը պետք է փոխվի, քանի որ սխալը հենց այդտեղ է», նկատեց Լևոն Մութաֆյանը:

Back to top button