

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Խորհրդարանն այսօր սկսել է գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայի աշխատանքները: Քառօրյայի օրակարգը խիստ հագեցած է. քննարկման է սպասում ավելի քան 6 տասնյակ օրինագիծ, վավերացման՝ մոտ 30 միջազգային պայմանագիր:
Օրակարգի գերակշիռ մասը կառավարության օրենսդրական նախաձեռնություններն են: Ի դեպ, դրանցից երեքը գործադիրի առաջարկով խորհրդարանը կքննարկի հատուկ կարգով, այսինքն՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումները կկազմակերպվեն առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում:
Անհետաձգելի համարվող նախագծերից մեկը Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային ու մաքսային արտոնությունների տրամադրման հարցն է, որի քննարկումը խորհրդարանը սկսել է օրվա վերջին նիստի ընթացքում, իսկ մինչ այդ քննարկումները ծավալվել են ԿԲ հաշվետվության ու ծրագրի շուրջ:
Իսկ քառօրյան մեկնարկեց ավանդական քվեակություններով և արդեն ավանդական դարձած հարցուպատասխանով, որը յուրաքանչյուր քառօրյայի մեկնարկին ծավալվում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ԱԺ նախագահի Հովիկ Աբրահամյանի միջև. ընդդիմադիր պատգամավորը հետևողականորեն հետաքրքվում է հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրով, ԱԺ նախագահը հետևողականորեն ներկայացնում է իր չփոփոխված դիրքորոշումը:
Խորհրդարանն այսօր քվեարկությամբ մերժեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած երկու օրինագծերը ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցը: Նախաձեռնություններից մեկը, ի դեպ, վերաբերում էր օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը կանոնակարգելուն. պատգամավորն առաջարկում էր օրենսդրորեն ամրագրել, որ այդպիսի ընկերությունները չեն կարող առնչություն ունենալ հայաստանյան հանքարդյունաբերության ոլորտին:
Իսկ օրվա քննարկումները ծավալվեցին նախորդ քառօրյայի ընթացքում ընդհատված հարցի շուրջ. նախորդ քառօրյայի ավարտին Կենտրոնական բանկի նախագահը ներկայացրել էր բանկի 2012 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը և 2013 թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը:
Կենտրոնական բանկը 2013 թ. առաջին եռամսյակի համար նախանշել է 3,5 տոկոս գնաճ: Կարկուտի հասցրած վնասն ու գազի գնի բարձրացումը, սակայն, Կենտրոնական բանկին ստիպում են վերանայել նախանշած գնաճը:
«Մենք ստիպված ենք վերանայել մեր գնաճային սպասումները. Մեր հաշվարկներով ունենալու ենք մեր նախատեսածից 2.5 տոկոսով ավելի գնաճ: Դա բավականին լուրջ թիվ է»,- ասում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
Կենտորնական բանկը փորձելու է վերանայել իր կողմից վարվող քաղաքականությունը: Ըստ Ջավադյանի՝ անցումն ավելի կոշտ դրամավարկային քաղաքականության այս փուլում արդարացված կլիներ: ԿԲ-ն կբարձրացնի՞ վերաֆինանսավորման տոկոսադրույքը , թե՞ ոչ՝ Արթուր Ջավադյանը խորհրդարանական ամբիոնից դեռ պատրաստ չէր հայտարարել:
Իսկ քննարկումը դրամավարկային ծրագրի շուրջ խորհրդարանում առիթ էր քննարկելու բանկային համակարգի խնդիրներն ընդհանրապես: Ի դեպ , մտահոգություններ այս թեմայով ունեին ոչ միայն ընդդիմադիր, այլ նաև հանրապետական պատգամավորները: Բանկե՞րն են աշխատում տնտեսության համար, թե՞ տնտեսությունը բանկերի, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հարցն էր:
«Այնուամենայնիվ՝ մեզ համար հարց է մնում. Էս բարձր իրացվելիությամբ, լավ զարգացած բանկային համակարգը մեզ ի՞նչ է տալիս, եթե տնտեսության իրական սեկտորը դրանից չի շահում կամ կտրված է դրանից»:
ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանի մտահոգություններն ավելի խորն էին: Ինչքան ուզում եք թվեր հայտարարեք, միևնույնն է, դրանք բովանդակություն չունեն, ամբիոնից հայտարարեց դաշնակցական պատգամավորը:
Օրվա ավարտին ԱԺ-ն սկսեց Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային ու մաքսային արտոնություններ տրամադրելու մասին կառավարության ներկայացրած օրինագծի քննարկումը: Գործադիրն առաջարկում է ծրագրի շրջանակներում արտնություններ ապրանքների ներմուծման, գույքի ձեռք բերման եւ ծառայությունների ստացման գործարքների գծով: Հիշեցնեմ, Դիլիջան քաղաքում նախատեսվում է կառուցել եւ շահագործել միջազգային չափանիշներին համապատասխանող դպրոց:
Ամբողջ ծրագրի արժեքը գնահատվում է շուրջ 550 մլն դոլար չափով, որից 150 մլն-ը նախատեսվում է ներդնել դպրոցի շենքի կառուցման եւ անհրաժեշտ գույքային միջոցների ձեռքբերման, իսկ շուրջ 400 մլն դոլարը` գործառնական ծախսերի ու դպրոցի հետագա զարգացման ուղղությամբ:
Կառավարությունը օրինագիծը հիմնավորում է հանգամանքով, որ հարկային եւ մաքսային արտոնությունների բացակայությունը հնարավորություն չի տալիս, որ նվիրատվություններից գոյացած միջոցներն ամբողջությամբ ծախսվեն ծրագրի իրականացման համար:
Օրինագծի քննարկումը խորհրդարանը կշարունակի վաղը: Օրակարգում է նաև նվազագույն աշխատավարձը 10 հազար դրամով բարձրացնել առաջարկող օրենսդրական փաթեթը: