Տնտեսական

Արեւային ջրատաքացուցիչները կարելի է ակտիվորեն օգտագործել, ասում են մասնագետները

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանը վերականգնող էներգետիկայի ոլորտում ամենահարմար եւ շահավետ տարածաշրջաններից մեկն է աշխարհում։ Մեզ մոտ այս ոլորտը շատ ավելի հեռանկարային է, քան բազմաթիվ այլ երկրներում, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ընթացքում իրենց այս համոզմունքը երկրորդեցին «Մաքուր էներգիա» կազմակերպության փոխնախագահ Հայկ Խաչատրյանը եւ վերականգնվող էներգիայի փորձագետ Հայկ Շեկոյանը:
Խաչատրյանը վստահ է` արեւային էներգիա ստանալու Հայաստանի ներուժը երկու անգամ ավելի է, քան Եվրոպայինը, սակայն զարմանալի է, որ Եվրոպայի նույնիսկ հյուսիսային շրջաններում ավելի շատ են օգտագործում արեւային էներգիան, քան՝ Հայաստանում:
Մեր երկրում արեւից եկող էներգիան 1 քմ տարածքի վրա 1700 վատ է, 80% միջին լուսավորվածություն ունենք, իսկ Եվրոպայում դա 60% է: Հայկ Շեկոյանի վստահեցմամբ` Հայաստանում տարածքներ կան, որտեղ արեւային էներգիան 1քմ-ի վրա մոտ 2400 վատ է, եւ անհրաժեշտ է այդ ներուժն օգտագործել:  Ոլորտը լուրջ զարգացումներ է ենթադրում, սակայն, ըստ բանախոսների, մի շարք «եթե»-ների դեպքում:

Հայաստանը կարող է իր ծախսվող էներգիայի ընդհուպ մինչեւ 30%-ը արեւայինի հաշվին ստանալ, այսինքն` հնարավոր է գազի թանկացման հարցը գործնականում լուծել, վստահ են բանախոսները:
«Մաքուր էներգիա» կազմակերպության փոխնախագահ Հայկ Խաչատրյանը եւ վերականգնվող էներգիայի փորձագետ Հայկ Շեկոյանն այն համոզմանն են, որ շատ կարճ ժամանակում արդեն զանգվածաբար կարող են կիրառվել արեւային ջրատաքացուցիչները: Դրանք առավել հարմար է տեղադրել առանձնատների տանիքներին, իսկ բազմաբնակարան շենքերում բնակվողների համար վերեւի հարկերին է հարմար, չի բացառվում նաեւ, որ նույնիսկ ցածր հարկերի բնակիչների համար էլ լուծումներ գտնվեն:

Որքան կարժենա ջրատաքացուցիչի համար ծախվող էներգիան: Շուրջ 300 հազար դրամանոց սարքը մեկ անգամ տեղադրելով կարելի է շահագործել 20 տարուց ավելի: Այլընտրանքային էներգիայի մասնագետների գնահատմամբ` թեեւ քամուց էներգիա ստանալու Հայաստանի ներուժը 10 անգամ ավելին է, քան ատոմակայանինը, սակայն հողմային էներգիա ստանալու տեխնոլոգիաներն են բարդ ու թանկ:

Ցուցադրել ավելի
Back to top button