ԿարևորՀասարակություն

Փաստաբանները պատրաստվում են դատադուլ անել

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հունիսի 10-ին եւ 11-ին մի խումբ փաստաբաններ պատրաստվում են դատադուլ անել: Ակցիային միացած մոտ 200 փաստաբան այդ օրերին չի ներկայանա դատական նիստերին, չի մասնակցի քննչական գործողությունների: Փաստաբանների բողոքն ուղղված է Վճռաբեկ դատարանի գործելակերպի դեմ: Նրանք դժգոհում են դատարանի գործունեության անկանխատեսելիությունից, իրավական այն մոտեցումներից , որոնք կիրառում է Վճռաբեկը բողոքները վարույթ ընդունելու կամ մերժելու հարցում: Դատական բարձրագույն ատյանի գործելակերպն իրավական որոշակիության կարիք ունի. ասում են գործադուլի պատրաստվող փաստաբանները:

Այս տարի ևս դատադուլ իրականացնելով,  փաստաբանները ցույց են տալիս, որ հետեւողական են, իսկ խնդիրները, որոնք բարձրացրել են նաև անցյալ տարի , չեն լուծվել: Նույն խնդիրներից և նույն պահանջով փաստաբանները բողոքել են նաև անցյալ տարի ՝ գործադուլ անելով հունիսի 10-ին: Բողոքի առաջին ակցիայից անցել է մեկ տարի, ոչինչ չի փոխվել ՝ ասում է երկրորդ գործադուլն անելու նախաձեռնությամբ հանդես եկող խմբի անդամներից փաստաբան Հայկ Ալումյանը:

«Կարող ենք արձանագրել, որ վճռաբեկ վարույթում անկանխատեսելիության առումով ամեն ինչ մնացել է նույնը: Նույն անկանխատեսելի փուլն է, երբ մենք որևէ կերպ չենք կարողանում կանխատեսել այս կամ յան վճռաբեկ բողոքը վարույթ կընդունվի՞, թե՞ ոչ: Եթե վարույթ է ընդունվում, կամայական որոշում է կայացվում, եթե հետ է վերադարձվում, կամայական հիմնավորում է տրվում: երևի գիտեք, որ վճռաբեկը հետ է վերադարձնում բողոքների մոտ 95 տոկոսը»:

Վճռաբեկ բողոքների 95 տոկոսը հետ վերադարձնելու պրակտիկան փաստաբանները լուրջ խնդիր են համարում, նշում են, որ իրենց ակցիայի նպատակը հանրությանն ու իշխանություններին խնդրի մասին ահազանգելն է: Նույն խնդիրը այլ կերպ են դիտարկում Վճռաբեկի ներկայացուցիչները: Ըստ Սահմանադրության՝ դատական բարձրագույն ատյանի գործունեության նպատակը օրենքի միատեսակ կիրառությունը ապահովելն է, դրա ճիշտ մեկնաբանությունը և իրավունքի զարգացմանը նպաստելը ։ Ի պատասխան փաստաբանների բողոքի՝ նրանք գրեթե միշտ ընդգծում են՝ Վճռաբեկ դատարանը իրավունքի դատարան է:

Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը փաստաբանների գործադուլը բժիշկների գործադուլին է նմանեցնում: Ասում է, սա նույնն է , երբ ծանր հիվանդը օգնության կարիք ունենա, իսկ բժիշկը հրաժարվի օգնել նրան:

Ի դեպ, դատական դեպարտամնետի ներկայացուցիչը մեկ այլ դիտարկում էլ ունի. նախորդ տարի գործադուլին մասնակցել է մոտ 500 փաստաբան, այս տարի պատրաստվում է մասնակցել մոտ 200-ը: Սա չի նշանակում է արդյոք մոտ 300-ը հետևողական չէ իր պահանջների հարցում կամ հետ է կանգնել պահանջից: Ակցիայի մասնակիցներից փաստաբան Սամվել Ջաղինյանի արձագանքա այս դիտողությանը հետևյալն է. դատական համակարգն ավելի ճիշտ կվարվեր, եթե ակցիայի մասնակիցներին հաշվելու փոխարեն տեսներ այն խնդիրը, որը բարձրացվում է:

«Մենք խնդիր չեն դրել պարալիզացնելու դատական համակարգը, ընդհակառակը, մենք ուզում ենք արդարադատությանը օգնենք, որ ապաքինվի»:

Այն որ խնդիր կա, ընդունում են փաստաբաններից շատերը: Խնդիրը լուծելու ճանապարհների հարցում սակայն մոտեցումները նույնը չեն: Փաստաբանների մի մասը օրենսդրական փոփոխությունների կողմնակից է , մյուսները մասը օրենքներ փոխելու հետ ակնկալիքներ չեն կապում: Վերջինը փաստաբանների հենց այն խումբն է, որը դատադուլի է պատրաստվում : Այդ դեպքում ինչ մեխանիզմներով ու միջոցներով են պատկերացնում իրենց պահանջի իրագործումը , այսինքն Վճռաբեկ դատարանի վարքագծի փոփոխությունը:

«Գիտեք, մինչև հիվանդին բուժելը մենք պետք է հիվանդի ջերմությունը չափեք: Մենք ցույց ենք տալիս, որ հիվանդը 42 աստիճան ջերմություն ունի: Հետո արդեն դրան կոչվածները պետք է դեղամիջոցներ որոշեն հիվանդի համար, հիվանդը ինքը բուժվելու ցանկություն պետք է ունենա: Էդ ամեն ինչը ջերմությունը չափելուց հետո է: Հիմա մենք ասում ենք՝ դուք պրոբլեմ ունեք: Եթե ուզում եք լուծել այն ՝ լուծեք, եթե չեք ուզում լուծել ՝ խորացրեք»:

Ցուցադրել ավելի
Back to top button