ԿարևորՀասարակություն

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին:

Հանրապետության Նախագահը ողջունել է համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհուն Հայաստանում, նշել, որ տեղյակ է նրա այցի հետ կապված դժվարություններին և շնորհակալ է, որ, այդուհանդերձ, անվանի երգչուհին կարողացավ հաղթահարել այդ ամենն ու այցելել ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ՝ այդպիսով արդար ու մեծ գործ կատարելով:

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Մոնսերատ Կաբալյեին պարգևատրել է ՀՀ պետական բարձր պարգևով՝ Պատվո շքանշանով՝ համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար: Նախագահն ընդգծել է, որ մեծ հաճույքով և համոզվածությամբ է հանձնում Հայաստանի Հանրապետության ամենապատվավոր շքանշաններից մեկը մի երգչուհու, ով իր ներկայությամբ, անկրկնելի ձայնով ու վարպետությամբ պատվել է աշխարհի գրեթե բոլոր հայտնի ու լավագույն բեմերը և ունի երկրպագուների հսկայական բանակ:

Իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Մոնսերատ Կաբալյեն շնորհակալությամբ է ընդունել, իր բնորոշմամբ, ի նշան ջերմության և սիրո տրված պարգևը: Նա մեծագույն ակնածանքով և սիրով է խոսել Հայաստանի ու հայ ժողովրդի, նրա դարավոր հերոսական պատմության և մշակույթի մասին: «Խաղաղության և սիրո կղզի է Հայաստանը: Դուք հրաշալի երկիր ունեք և ոգեղեն մեծ ուժ ունեցող ժողովուրդ»,-ասել է Մոնսերատ Կաբալյեն:

Անվանի երգչուհին նշել է, որ անկրկնելի տպավորություններով է հեռանում Հայաստանից և վստահ է, որ ավարտվող այս այցը դեռ շարունակություն է ունենալու:

Ցուցադրել ավելի
Back to top button