ԿարևորՏնտեսական

«ՀայՌուսԳազարդ»-ի պայմանագրերը մի ստորագրեք. «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամների կոչը` հանրությանը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

«Մեր հանրությունը հետընտրական զարգացումներից շոկի մեջ է», — այսօր լրագրողների հետ զրույցում նշել են «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամներն ու ավելացրել, որ մարդիկ ճամպրուկային տրամադրություն ունեն, որին էլ ավելի կնպաստի վերջին օրերին ապրանքների, գազի ու էլեկտրաէներգիայի սակագների, նրանց ձևակերպմամբ, արհեստական բարձրացումները: Վերջիններս հիշեցրել են, որ կապույտ վառելիքի սակագնի թանկացման մասին հանրությունն իմացել է ընտրություններից հետո, իսկ դրանից առաջ հայտարարված էր, որ սակագները չեն փոփոխվելու:

Երեկ կայացած գազի սակագնի վերաբերյալ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին չեն մասնակցել որոշ լրատվամիջոցներ և շահագրգիռ անձինք, ովքեր նամակով նախօրոք զգուշացրել էին հանձնաժողովին նիստի մասնակցության համար: Ըստ «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի` հանրությանն այս օրերին տեղեկացնում էին, որ գազի և էլեկրաէներգիայի սակագների թանկացումը կապված է սահմանին գազի գնի փոփոխության հետ, սակայն վերջինս հերքում է` ասելով, որ սահմանին գազի գնի բարձրացումը որևէ կապ չունի այս սակագների փոփոխության հետ:

Ղուկասյանի փոխանցմամբ`այս ամենը կասկած է առաջացնում` որ գազի գինը սահմանի վրա չի փոխվել, իսկ սա էլ հիմք է հանդիսանում` ասելու, որ սակագների բարձրացումն արհեստական է, նշեց նախաձեռնության անդամն ու ընդգծեց, որ սա կառավարության ծրագիրն է: Այսօր գազիֆիկացված է ամբողջ հանրապետությունը: Կան գազիֆիկացված գյուղեր, որտեղ չկան սպառողներ և դա, ըստ Ղուկասյանի, հատուցվում է Երևանի և այլ խոշոր քաղաքաների բնակիչների միջոցով: Ըստ նրա` գների արհեստական բարձրացումը կհանգեցնի արտագաղթի:

Գազի սակագնի վերաբերյալ երեկվա որոշումը նախաձեռնության անդամաների համար իրավական ուժ չունեցող որոշում է: Նախաձեռնության անդամ, ակտիվիստ Սիլվա Ադամյանն էլ իր խոսքում նշեց, որ հանրությունը հասկանում է հարցի լրջությունը, սակայն ողջ բեռը դրված է ակտիվիստների ուսերին: Ֆեյսբուքյան էջերը ողոված են հանրությանն ուղղված անհնազանդության կոչերով.«Ես մեր նախաձեռնության անունից խնդրել եմ մեր ազգաբնակիչներին, չստորագրել փոխադարձ ակտը, որը կներկայացնի «ՀայՌուսգազարդ» ընկերությունը: Ամեն տարի, երբ գազի սակագնի փոփոխություն է կատարվում, «Երևան գազ» ընկերությունը իր հսկիչների միջոցով ընկնում է դռնեդուռ և սկսում է հավաքել մարդկանց անձնագրային տվյալները, նրանց ստորագրությունը, հաշվիչի վրայի վերջին ցուցմունքը և պարտադրում բնակիչներին ստորագրել փոխադարձ ակտը»:

Փոխադարձ ակտը ստորագրելուն պես նշանակում է, որ համաձայն ես գազի սակագնի թանկացմանը, զգուշացնում է ակտիվիստ Սիլվա Ադամյանը, իսկ նախաձեռնության անդամներից Անի Աղինյանի պնդմամբ` նշված փաստաթուղթը չստորագրելու դեպքում. «Եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ 650 հազար բաժանորդից 300 հազարը չհամաձայնվեն չստորագրել, այսինքն դուրս կգա, որ «ՀայՌուսԳազարդը» սնանկանում է, և նա ստիպված կլինի վերանայել իր որոշումները»:

Որևէ քաղաքական սուբյեկտ երբեք կամավոր հետ չի վերադարձնի այն իրավունքը, որը գողացել է քաղաքացուց, բարձրաձայնեց Անդրիաս Ղուկասյանը և հավելեց, որ կվերադարձվի միայն այն դեպքում, երբ հանրությունը միասնաբար ցույց կտա, որ կարող է սնանկացնել «ՀայռուսԳազարդին»:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի հանրայաին ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկությամբ որոշեց գազի սակագինը մինչև 10 հազար խմ սպառողների համար 1 խմ-ի դիմաց սահմանել 156 դրամ` նախկին 132 դրամի փոխարեն, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը`38 դրամ`ցերեկվա և 28 դրամ գիշերվա համար: Նոր սակագները կգործեն հուլիսի 7-ից:

Back to top button