Հասարակություն

Փաստաբան.Արայիկ Պետրոսյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Փաստաբան Գիվի Հովհաննիսյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նշել է, որ Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչյա Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել և մինչ օրս նա անազատության մեջ է: Կալանավորվածի փաստաբանն ասել է նաեւ, թե խուլիգանության մեջ ապօրինի մեղադրանք է առաջադրվել վերջինիս եղբորը՝ Արտակ Պետրոսյանին, ով նույնպես կալանավորված է:

Փաստաբան Գիվի Հովհաննիսյանը պնդեց, թե իր պաշտպանյալն անմեղ է և նրան անհիմն մեղադրանք է առաջադրվել, առավելևս, որ նրա մոտից որևէ ապօրինի զենք չի հայտնաբերվել: Փաստաբան Գիվի Հովհաննիսյանի խոսքով` իր պաշտպանյալի մեղքն ապացուցող վարկածն անհիմն է ու անտրամաբանական:
Գիվի Հովհաննիսյանը հավելեց, որ ոչ թե օբյեկտիվ, այլ ուղղորդված քննություն է իրականացվում: Փաստաբանը մտահոգություն հայտնեց, որ կարող է նույնիսկ ինչ-որ կեղծարարություն լինի: Նրա գնահատմամբ` հնարավոր է, որ պարզապես համապատասխան մարմինները ցանկանում են ցույց տալ, թե մեծ աշխատանք են կատարում:
Փաստաբանը նաեւ շեշտեց, որ իր պաշտպանյալ Արայիկ Պետրոսյանի հարաբերությունները սպանված գյուղապետի հետ շատ նորմալ են եղել:

Ցուցադրել ավելի
Back to top button