Ճարտարապետ.Երեւանի կենտրոնին այլևս պետք չէ ձեռք տալ


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Երևանի քաղաքապետարանի հայտարարած Հանրապետության հրապարակի վերակառուցման հանրապետական ճարտարապետական մրցույթի և Հանրապետության հրապարակի շենքերի պատմաճարտարապետական արժեքի մասին են լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ խոսել ճարտարապետներ Արտակ Ղուլյանը և Սաշուր Քալաշյանը:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նկատեց, որ մրցույթի խնդիրը երկու տարի առաջ է ծագել, սակայն հիմա է խոսվում այդ մասին: Նրա փոխանցմամբ` իրենք միշտ էլ պնդել են, որ Երեւանի կենտրոնին այլևս պետք չէ ձեռք տալ և անհրաժեշտ է ժամանակավորապես սառեցնել կենտրոնի քաղաքաշինական գործընթացները: Բանախոսը համոզմունք հայտնեց, որ հայտարարված մրցույթն իրականում վերաբերում է արտգործնախարարության շենքին:
Աբովյանում վերջերս կառուցված եկեղեցու ճարտարապետ Արտակ Ղուլյանի կարծիքով` մեր երկրում ճարտարապետական քննադատություն այսօր չկա: Նրա ձեւակերպմամբ` մեր ճարտարապետական դժբախտությունների ամբողջ պատճառը հենց այդ քննադատության բացակայությունն է, երբ ամեն հարց քննարկվում է հասարակական կարծիքի և ինչ-որ նախաձեռնող խմբերի մակարդակով: Նման պարագայում, ըստ ճարտարապետի, զարգացումները լինում են կամայական ու հանգեցնում ցավալի հետեւանքների. «Հուշարձանը պետք է վերականգնել, ոչ թե վերակառուցել: Այսինքն` մենք հուշարձանի համար ստեղծել ենք անտանելի միջավայր և փորձում ենք հուշարձանը հարմարեցնել այդ միջավայրին, որը իր ճարտարապետական որակներով անհամեմատ պակաս է. անհամեմատ աններդաշնակ, բազմաոճ եւ որեւէ տրամաբանության չենթարկվող` վերջին տարիների կամայականությունների արդյունքում ստեղծված մի միջավայր է»:
Արտակ Ղուլյանի խոսքով` իրեն մրցույթի նպատակը հասկանալի չէ: Ճարտարապետը շեշտեց, որ բացի սահմանված օրենքներից, գոյություն ունեն նաեւ սերունդների առջեւ պատասխանատվության, բարոյականության հարցեր: