Հունիսի 15-ից կմեկնարկի Նարեկացի արվեստի փառատոնը


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
2004 թվականից գործող Նարեկացի արվեստի կենտրոնն այս տարիների ընթացքում իր ուժերով կազմակերպել է բազմաթիվ ձայնագրություններ, ցուցահանդեսներ ու համերգներ, մշակել ծրագրեր և այսօր էլ կենտրոնը կազմակերպել է փառատոն, որն իր էությամբ պայքար է ռաբիզ երաժշտության դեմ: Արվեստի կենտրոնի արվեստագետները չեն դիմել մշակույթի նախարարության աջակցությանը, քանի որ ըստ նրանց, հենց այդ կառույցն է քանդում մշակույթի դաշտը:
Հունիսի 15-ից մինչև 22-ը կմեկնարկի Նարեկացի արվեստի փառատոնը, որը կներկայացնի բարձրագույն հայ մշակույթ հայ անվանի արվեստագետների մատուցմամբ: Փառատոնի մտահաղացումը վաղուց է եղել, ասում է Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը և ավելացնում, որ սրա միջոցով փորձում են պարզել թե ինչ խնդիրներ են ծառացած այսօր արվեստագետի առջև: Մշակութային իրադարձությունների արտառոց զարգացումները, որոնք ուղղված են մշակութային դաշտը քանդելուն ստիպեցին Նարեկացի արվեստ կենտրոնի արվեստագետներին կազմակերպել փառատոնը, նշեց երգիչ Վահան Արծրունին:
Գաղափարի շուրջ համախբվել են արվեստագետների այնպիսի մի բանակ, ովքեր ունեն նույն տեսականը, ասում է երգիչը և վստահեցնում, որ համերգային 8 օրերի ընթացքում լինելու է ժանրային մեծ բազմազանություն: Վահան Արծրունու խոսքով`վերջին տարիների ընթացքում ստեղծված իրականությունը մերժում է ազատ արվեստի որևէ դրսևորում:
«Նարեկացի արվեստի փառատոնը հենց այդ դրսևորման տեսակն է, այսինքն ինչպես կարող է իրականանալ մի երևույթ, որի մեջ շահագրգռված են երաժիշտները, նկարիչները և ազատ արվեստի ոլորտում աշխատող և իրեն դրսևորող հաստատությունը, այս պարագայում Նարեկացի արվեստի միությունը, որը հիմնական նախաձեռնողն է»:
Համերգից գոյացած ամբողջ հասույթը կտրամադրվի երաժիշտներին: Նարեկացի արվեստի կենտրոնի արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկենյանի տեղեկացմամբ` այս տարիների ընթացքում կենտրոնի հետ համագործակցել են շատ արվեստագետներ և շատ նախագծեր են ծնվել:
Համերգի ընթացքում հնչելու են միայն հայ հեղինակների ստեղծագործությունները: Ելույթ են ունենալու տարբեր անսամբլներ, որոնք միջազգային փառատոններում մեծ ճանաչում են ձեռք բերել:
Նարեկացի արվեստի միության դռները միշտ բաց են եղել երիտասարդ նկարիչների առջև, որոնց հնարավորություն է ընձեռվել շփվելու այլ արվեստագետների հետ: Արդեն 2 տարի է կենտրոնում ավանդույթ է ձևավորվել, որ նոր սերնդի արվեստագետները հնարավորություն են ունենում շփվելու ավագ սերնդի լավագույն նկարիչների գործերի հետ :