ԿարևորՀասարակություն

Կլոր սեղան քննարկում` հաշմանդամություն ունեցող 20 երիտասարդների մասնակցությամբ

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

Հունիսի 2-9-ը Երևանում անցկացող սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնի շրջանակներում այսօր կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամում: Մարաթոնի շրջանակներում Ռուսաստանից, Ուկրաինայից և ԱՊՀ այլ երկրներից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող 20 երիտասարդներ հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին պատմել են իրենց երկրներում սահմանափակ կարողություններով անձանց խնդիրները, ներկայացրել դրանց լուծման սեփական փորձը:

«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ամեն տեղ նույնն են, տարբեր են դրանց լուծումները` կապված տարբեր երկրների զարգացվածության աստիճանի հետ: Նման հանդիպումները շատ օգտակար են` փորձի փոխանակման և ընդհանուր խնդիրների լուծման առումով»,-Ռադիոլուրի հետ զրույցում ասել է Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանն ասել է. «Մեր հյուրերը պատմում են, որ Հայաստանում ամեն ինչ ավելի մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար, քան իրենց երկրներում: Նրանք հանդես են եկել բազմաթիվ առաջարկներով, որոնք գոնե իմ մտքով երբեք չեն անցել: Օրինակ` առաջարկում են ունենալ հաշմանդամների համար մատչելի լողափ: Կարծում եմ` կոմերցիոն առումով էլ հետաքրքիր է, և դրանից կօգտվեն մարդիկ, ովքեր դրա կարիքն ունեն»:

Ցուցադրել ավելի
Back to top button