Հասարակություն

Ինչու է ձգձգվում Արամի 38 հասցեի սեփականատիրոջ դատական գործընթացը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հյուսիսային պողոտան կառուցվեց, սակայն տարածքի բնակիչները դեռ անտուն են, կառավարությունն ու դատական ատյանները չեն պատրաստվում բավարարել փոխհատուցում տրամադրելու պահանջը: Արամի 38 հասցեի սեփականատերը Հայաստանում ձգձգվող դատական գործընթացի պատճառով չի կարողանում դիմել Եվրոպական դատարան:

Հյուսիսային պողոտայի կառուցուման նպատակով որպես հանրային գերակա շահ ճանաչված տարածքի` Արամի 38 հասցեի բնակիչները փողոցում են հայտնվել: Ժամանակին կառավարությունը 1000 քմ, հողատարածքի և 400 քմ շինության համար 13.500.000 դրամ փոխհատուցում էր սահմանել, սակայն 2006 թվականից մինչ օրս փոխհատուցումը չի տրամադրվում: Թե որն է պատճառը տան սեփականատեր Սուրեն Փիլոյանը չի հասկանում: Ավելի քան 4 տարի է, ինչ գործը լսվում է առաջին ատյանում, վերաքննիչ դատարանում այն բեկանվում է և կրկին հետ վերադարձվում:

Դատական չավարտված գործընթացը թույլ չի տալիս սեփականատիրոջը դիմել Եվրոպական դատարան: Սեփականատերը 2006 թվականից սկսված այս ողջ պատմության մեջ մեղավոր է համարում այդ ժամանակվա քաղաքային իշխանություններին ու ԾԻԳ-ին, ժամանակին կառուցապատողը գումարը տրամադրել է, սակայն այն մսխվել է, ասում Արամի 38 հասցեի սեփականատերը: Եվ քանի որ ժամանակին գումարը չի հասել հասցեատիրոջը, այժմ արդեն փոխհատուցում պետք է տա կառավարությունը, սակայն Փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով սեփականատիրոջը փորձում են 13.5 մլնի փոխարեն տալ 6 մլն.:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Հյուսիսային պողոտայի օտարված տարածքի բնակիչների հարցով 2010 թվականին կայացրած ընդհանուր վճռով, անդրադառնալով գույքի հարկադիր օտարման դեպքում տրվող փոխհատուցման գումարներին, նշել է, որ փոխհատուցման գումարները տրամադրվում են օտարվող գույքի սեփականատերերին և գրանցված օգտագործման իրավունք ունեցող անձանց: Եվ եթե սեփականատերը դիմի ԵԴ, ապա կրկնակի գումար կստանա: Սակայն ամբողջ հարցն այն է, որ դատական գործընթացը ոչ մի կերպ չի ավարտվում Հայաստանում, որպեսզի փաստաբանը կարողանա հայցով դիմել եվրոպական դատարան: Հիշեցնենք, Արամի 38 հասցեի Վերաքննիչում հունիսի 20-ին դատական հերթական նիստը կկայանա և սեփականատերը հույս ունի, որ գործը կրկին հետ չի վերադարձվի:

Ցուցադրել ավելի
Back to top button