Հասարակություն

Երիտասարդ գիտնականները պարգեւատրվեցին

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Գիտությունների Ազգային Ակադեմիայի Նախագահությունում այսօր կայացավ Երիտասարդ Գիտնականների Աջակցման Ծրագրի շրջանակներում հայտարարված երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխության հաղթողների պարգևատրման և մրցանակաների հանձնման արարողությունը: Երիտասարդ Գիտնականների Աջակցման Ծրագիրը մեկնարկեց անցյալ տարի հուլիսի 1-ին ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո և այսօր կայացած մրցանակաբաշխությունը կարելի է համարել առաջին արդյունքների ամփոփում:
Ընդհանուր առմամբ 11 անվանակարգերում ընտրվել էին 29 հաղթող, որոնք ստացան 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մրցանակներ` համապատասխանաբար 400 հազար, 300 հազար և 200 հազար դրամ գումարով: Ինչպես հայտնեց Երիտասարդ Գիտնականների Աջակցման Ծրագրի պատասխանատու քարտուղար Կարլեն Խաչատրյանը, մրցույթին մասնակցելու համար ստացվել էր 112 հայտ:

Ծրագրի մեկամայա գործունեությունը ողջունեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` կարևորելով երիտասարդ գիտնականների ավանդը գիտության զարգացման գործում:

Նախարարը հայտնեց, որ 2014 թվականին երկրի ղեկավարի հանձնարարականով Ծրագրի ֆինանսավորումը պետբյուջեից կկազմի 150 մլն դրամ:
Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը իր հերթին նկատեց, որ նախագահության կլոր սեղանի շուրջ արդեն 70 տարի հավաքվում են երկրի գիտական ներուժի լավագույն ներկայացուցիչները և այսօր այստեղ ներկա էն երիտասարդ սերունդը ներկայացնող գիտական աշխատողները:

Երկրաբանական գիտությունների թեկնածու Ջոն Կարապետյանը Երկրի մասին գիտություններ անվանակարգում սեյսմիկ վտագի գնահատման նոր ճշգռիտ պարամետրերի առաջարկության համար արժանմացել է մրցանակի, որը կրում է սեյսմաբան Արմեն Նազարովի անունը:

Երիտասարդ Գիտնականների Աջակցման Ծրագիրը իրականացվում է Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի կողմից, որի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը բարձր է գնահատում այս նախաձեռնության արդյունավետությունը: Նա նշեց, որ ծրագրին նախորդեց “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում գործող «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» համայնքի ակտիվ գործունեությունը: Այն այսօր ունի ավելի քան 5700 համակիր, որոնց մեծ մասը 18-ից 34 տարեկան է:

Ամեն դեպքում այս ծրագիրը ավելացրել է գիտության հանդեպ ուշադրությունը երիտասարդության շրջանում, նշեց հիմնադրամի ղեկավարը:

Ցուցադրել ավելի
Back to top button