ԿարևորՏնտեսական

Գազը թանկացավ 24, իսկ էլեկտրաէներգիան 8 դրամով

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Վերջին օրերի ու կարելի է ասել ամիսների ամենաաղմկահարույց հարցի պատասխանն այսօր տրվեց. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում հաստատեց գազի նոր սակագինը: Հուլիսի 7-ից գազի 1 խմ-ի դիմաց սպառողը պետք է վճարի 156 դրամ` գործող 132 դրամի դիմաց: Այս գինը դեռ ավելի ցածր է, քան գազամատակարար «Հայռուսգազարդ»-ն էր առաջարկել եւ ակնկալում: Գազի գինը, փաստորեն, Հայաստանի համար, ստացվում է 30 տոկոսով ավելի բարձր` 270 դոլար, սակայն այդ 30 տոկոսը խոստացել է սուբսիդավորել կառավարությունը:

Թե ինչ միջոցներով, դեռ հարց է: Բանակցություններն այս հարցի շուրջ շարունակվում են ռուսական կողմի հետ: Ինչեւէ` հանձնաժողովի այս որոշման կանխատեսումը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ էին բերել «Եկեք կանխենք գազի թանկացումը» հասարակական նախաձեռնության անդամներին: Նրանք աղմկեցին, դժգոհեցին իրենց քննարկմանը չթողնելու համար, ապա արգելափակեցին ոստիկանների կողմից հսկվող հանձնաժողովի շենքի մուտքը հենց լրագրողների համար` նստելով անմիջապես աստիճաններին:

Նիստը, սակայն, ընթացավ, առանց նախաձեռնության մասնակիցների, բայց ներսում սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների ելույթներն էլ պակաս հուզական եւ մտահոգ չէին: Ամենամտահոգիչ թեման գազի եւ հոսանքի թանկացումից բխող շղթայական գնաճն է: Բարձրացումներ առաջին հերթին կանխատեսվում են տրանսպորտի սակագներում: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը վկայակոչեց այս առումով իրենց որոշ հաշվարկներ:
Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանին պատասխանը չբավարարեց: Նա ընդգծեց` վերջին տարիներին տանսպորտի սակագների բարձրացումը հազիվ է կանխվել, իսկ այժմ դա կարող է անխուսափելի լինել, քանի որ գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման հետեւանքով ընդհանրապես կյանքն է թանկանում:

Կովերն էլ գազով չեն կաթ տալիս, բայց կաթնամթերքն էլ է թանկանում, ու այսպես շարունակ. պնդեցին սպառողների շահերի պաշտպանները: Անտառաղքատ Հայաստանի համար նրանք կանխատեսում են ծառահատումների նոր ռիսկեր: Պնդում եղավ, որ եթե «Հայռուսգազարդն»-ի նախատեսված 10 տոկոս շահույթն իջեցվի գոնե 8 տոկոսի, ողջ երկրի բնակչությունը կշահի: Արմեն Պողոսյանն էլ կրկին առաջ քաշեց իր տեսակետը` հարկ է բնակչության տարբեր շերտերի համար տարբերակված սակագներ կիրառել կամ գոնե քիչ-քիչ բարձրացնել` հանրության համար շոկը թուլացնելու համար: Նրանց այս եւ այլ դիտարկումներն ու մեղադրանքները` ուղղված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ի վերջո, հունից հանեցին հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին: Որ գազի թանկացումը ազդեցություն կունենա, չժխտվեց, սակայն դա արդեն այս հանձնաժողովի հարց չէ. ընդգծվեց:

Միայն գազի սակագնի շուրջ քննարկումները տեւեցին ավելի քան մեկ ժամ: Ի վերջո` հանձնաժողովականները ոչ մի դեմով միաձայն կողմ քվեարկեցին գազի բարձրացված սակագնին: Նույն արձագանքը եղավ նաեւ էլեկտրաէթներգիայի սակագներն 8 դրամով թանկացնելու հարցին: Սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիաի ցերեկային սակագինը 30 դրամից դարձավ 38 դրամ: Գիշերային սակագինը հաստատվեց 28 դրամ: Հատկանշական է, որ հանձնաժողովի որոշումներից դժգոհ մնացին գրեթե բոլոր կողմերը էլ: Հասարակական սեկտորի ներկայացուցիչները` բարձրացումներից, իսկ գազամատակարար եւ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները` որ սակագների բարձրացումն ընդամենը այդ չափով էր: Նրանք դեռ պնդում են, որ նոր գներն էլ իրենց ծախսերի համար բավարար չեն: Դժգոհության ալիքը գազի թանկացումից բողոքողները դեռ զգուշացնում են շարունակել արդեն բղրամյան 25-ի մոտ:

Ցուցադրել ավելի
Back to top button