ԿարևորՔաղաքական

Այն ինչ տեղի ունեցավ հունիսի 1-ին նախորդների տրամաբանական շարունակությունն էր. քաղաքական եւ մշակութային գործիչները` Գորիսի դեպքերի մասին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հանրապետական Մկրտիչ Մինասյանն ու ՍԴՀԿ Կենտրոնական վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանն այսօր Հայելի ակումբում քննարկել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի մեկին տեղի ունեցած միջադեը: Ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների գնահատականներն ու մեկնաբանություններն իրարից շատ են տարբերվել: Մինդեռ նույն ակումբում բանավիճող մեկ այլ զույգի՝ գեղանկարիչ Սամվել Սևադայի ու մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի տեսակետերը համընկել են. այն ինչ տեղի ունեցավ հունիսի մեկին Սյունիքում` նախորդ միջադեպերի տրամաբանական շարունակությունն էր:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադաձությունների շուրջ կրքերը չեն հանդարտվում: Իսկ հունիսի մեկի կեսգիշերին մոտ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյաի առանձնատան մոտ կրակոցներ են հնչել, արդյուքնում սպանվեց Գորիսի քաղաքպետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը դեռ հիվանդանոցում է:

Իշխանական թևի ներկայացուցիչները մեկնաբանությունները թողնում են ավելի շատ նախաքննչական մարմիններին, ընդդիմության ներկայացուցիչները անխնա քննադատում են տեղի ունեցածն ու ավելի շատ՝ իշխանություններին: ՀԱԿ նախկին անդամ, ՍԴՀԿ Կենտրոնական վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանը ևս քննադատության թիրախն ուղղում է դեպի իշխանությունը, մեկ առ մեկ թվարկում վերջին տարիներին տեղի ունեցած աղմկոտ միջադեպերը: «Սպանությունները ՀՀ-ում նոր որակներ են ստանում» ,- ասում է Եղիազարյանը:

Գուրգեն Եղիազարյանը մեկ առ մեկ թվարկում է բոլոր այն աղմկոտ միջադեպերը, որոնք առնչվում են Սուրեն Խաչատյանի անվան հետ,
«էդ մարդակերպը մտավ դպրոց, քացու տակ գցեց ութերորդ դասարանի աշակերտին, երեխուն տեղափոխեցին հիվանդանոց, կոծկեցին, հասան նրան, որ Գորիսում ամեն ինչ հնարավոր է, ծնողները նամակ գրեցին,ո ր իրենք բողոք չունեն: Բայց մենք իմացանք, չէ՞, ինչ է արել էդ մարզպետ կոչվածը: Երբ որ այս դեպքը կոծկեցին շատ բարեհաջող, դրանից հետո, տեսել եք համացանցում դրված է լկտի հայհոյանքները և շառաչուն ապտակը կնոջը, հետո քացին չեք տեսել: Ասենք Սիլվային չի ապտակել, ապտակել է գիշերային թիթեռնիկի, դա զազրելի դեպք է: Մարզպետ կոչվածը իրավունք չուներ մեկ վայրկյան աշխատանքի մնար»:

ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանն անձամբ այն մարդկանց թվում է, ով ամենայն խստությամբ է դատապարտում տեղի ունեցածն ու վստահեցնում, որ անկախ պաշտոնից ու զբաղեցրած դիրքից, օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն:
«Հիմա հնարավորություն է ստեղծվել, որ քննությունն առավել արդար, թափանցիկ և հրապարակային ընթանա, և որևէ ճնշումներ չլինեն: Համոզված եմ քաղաքական կամք կա, իրավական լծակներն ամբողջությամբ կկիրառվեն, ամբողջությամբ կբացահայտվի տեղի ունեցածը, և յուրաքանչյուր ոք՝ ով ում տղան է՝ ոչ մի նշանակություն չունի, կստանա արժանի պատիժ»:

Իսկ երեկ հիշեցնեմ, սեփական դիմումի համաձայն, կառավարությունը աշխատանքից ազատեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին: «Կարին» երգի պարի համույթի գեղարվեստական ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը ևս միջադեպը նախկինում տեղի ունեցած իրադարձությունների տրամաբանական շարունակությունն է համարում:
«Իրականում շատ տհաճ և անպատվաբեր, հայ ազգի համար անարժանապատիվ իրադարձություն է, առաջին դրսևորումը չէ և իրենք իրենցով այն տրամաբանական շարունակությունն են այն գործընթացի, որ Հայաստանում տեղի են ունենում: Երկրում մի ադեկտվատ մոտեցում կա, երկրում օրենքը պետք է գործի, ես նոր օրենքներ չպետք է հորինեմ: Պետք է պարզվի ինչ հանգամանքում է եղել և մեղավորները պատժվեն: Իմ երեխան մարդ չի սպանի»:

Գեղանկարիչ Սամվել Սևադան ցանկություն անգամ չունի թեմային անդրադառնալու, սրա համար նա իր բացատրությունն ունի
«Լենինակականցիները մի լավ խոսք ունեն: Ասում են՝ շունը հաչա, քամին փչե: Մեկ է, ամեն ինչ իր հունով գնում է այնպես, ինչպես գնում է: Մեր խոսելն առանձնապես ոչ մեկը հաշվի չի առնում, ցավոք սրտի, միշտ էլ խոսում ենք»:

Այդուհանդերձ, գեղանկարիչը երեկ համացանցում տարածված կադրերը նայել է, ցավով է նկատում, թե ինչպես կարող է երիտասարդը «հերոսաբար» կրակել, նայել է ու սարսափել, որ այսպիսի սերունդ է այժմ մեծանում:

Back to top button